Մատչելիության հղումներ

Economist Intelligence Unit. Հայաստանում ժողովրդավարությունը երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում


Հայաստան - Հանրահավաք Երևանի Հանրապետության հրապարակում, 2024թ.
Հայաստան - Հանրահավաք Երևանի Հանրապետության հրապարակում, 2024թ.

Հայաստանյան ժողովրդավարությունն, ըստ բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի, արդեն երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում։ Կազմակերպության The Democracy Index-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024-ին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 5.35 է եղել՝ գրեթե 5 տոկոսով կամ 0.28 միավորով պակաս 2022-ի ցուցանիշից։

Ի՞նչն է անկման պատճառը: The Democracy Index-ի ղեկավար Ջոան Հոուին «Ազատության» հարցին ի պատասխան այսօր պարզաբանեց՝ 2024-ի անկման պատճառը Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումն է։

«2022 թվականից ի վեր Հայաստանի ընդհանուր ինդեքսային միավորում փոփոխություններ են եղել. երկիրը 2022-ին ունեցել է 5.63 միավոր: Այս ցուցանիշը 2023 թվականի վերջում ընկավ մինչև 5.42՝ այդ տարվա դրամատիկ իրադարձություններից հետո, երբ փլուզվեց Կառավարության և քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը: 2024-ի միավորն ավելի է իջել՝ հասնելով 5.35-ի՝ կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումից հետո», - ասաց Հոուին:

«Նախորդ տարիների ցնցումներից հետո Կառավարության և քաղաքական ուժերի նկատմամբ հանրության վստահությունը փաստացի փլուզվեց, իսկ 2024-ին հետընթացին նպաստեց նաև կոռուպցիան: Հայաստանը շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմ, ցավոք, բազմաթիվ բարեփոխումներ դոփում են տեղում, բացի այդ՝ նկատվում է իշխանության կենտրոնացում վարչապետի ու նրա շրջապատի ձեռքում: Եվ խորհրդարանը հետին պլան է մղվել: Խորհրդարանը պետք է անկախ մարմին լինի, բայց այլևս որպես անկախ մարմին չի գործում Հայաստանում», - ընդգծեց The Democracy Index-ի ղեկավարը:

The Democracy Index-ի ղեղավար Ջոան Հոուի
please wait

No media source currently available

0:00 0:00:41 0:00

Չնայած իշխանությունը պնդում է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ոլորտի փորձագետները չեն բացառում, որ այն հենց համակարգային է:

«Ես, այո, ասել եմ, որ համակարգային կոռուպցիա չկա: Դրվագային կոռուպցիա, իհարկե, կա՝ որևէ մեկը որևէ մյուսի համար, մեկի համար չի կարող երաշխավորել», - հայտարարել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Վերջերս հրապարակված «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական 100 առավելագույնից 47 միավոր էր ստացել։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ նույն միավորն է արձանագրում Հայաստանը։ Այս իրավիճակը ոլորտի փորձագետները «լճացում» բառով են բնութագրում։

«Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարը չի բերում այն ցուցանիշներին, որը, թերևս, Կառավարությունը կամ լայն հասարակությունը կուզենար տեսնել: Մենք տեսնում ենք նաև` կոռուպցիոն ընկալումները գնահատող ցուցիչներում մեծ առաջընթացներ տեղի չեն ունենում, այլ ավելի շատ լճացման է նման դինամիկան: Կարծում եմ՝ սրանք այն գործոններն են, որոնք կարող են ազդել համաթվի նվազման վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:

Սուքիասյանը կարծում է, որ Democracy Index-ի վրա ազդել են այլ ներքաղաքական գործոններ ևս, այդ թվում՝ դատական համակարգի անկախության պակասը։

«Կարող ենք, թերևս, խոսել գործադիրի մասնակցությունը դատական իշխանության մեջ, պաշտոնների հատկապես մասով, որը կասկածի տակ է դրել դատական համակարգի անկախությունը: Մենք կարող ենք քաղաքացիների վստահությանն առնչվող հարցերի մասին ենթադրություն անել, մենք տեսնում ենք, որ ըստ այլ հարցումների, ավելի բաց հարցումների՝ վստահությունը բարձր մակարդակի վրա չէ, մենք տեսնում ենք ընտրություններում մասնակցության շատ ցածր ցուցանիշներ, որը բավական խոսուն է», - նշեց քաղաքագետը:

Զեկույցը կազմելիս կենտրոնի փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնական չափորոշիչ` ընտրական գործընթացներն ու բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, քաղաքական մասնակցությունը, կառավարման արդյունավետությունն ու քաղաքացիական ազատությունները։

«Տեսել ենք, որ նախկինում գրանցել է Հայաստանը առաջընթաց այս զեկույցում, մասնավորապես՝ մեծ առաջընթաց է եղել 2018 թվականի հեղափոխությունից հետո, 19 թվականին բավական բարձր ցուցանիշ է եղել, 20-ին՝ մի փոքր անկում, նորից աճ 21-ին, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022 թվականին, բայց դրանից հետո երկու տարի անընդմեջ մենք անկում ենք տեսնում», - ընդգծեց Սուքիասյանը:

Հայաստանը, չնայած զեկույցում հեղափոխությունից հետո արձանագրած առաջընթացին, դեռևս չի համարվում ժողովրդավար երկիր։ Այն բնութագրվում է իբրև հիբրիդային ռեժիմ։ Չնայած դրան՝ տարածաշրջանում Հայաստանն առաջատար է՝ 160 երկրների ցանկում զբաղեցնելով 82-րդ տեղը։ Վրաստանն, օրինակ, 94-րդում է, Ադրբեջանը՝ 126-րդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG