Շուրջ երկու տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քիչ առաջ ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը, «Ազատությանը» հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով:
Քաղաքապետարանի ևս երկու աշխատակից էր Այվազյանի հետ այսօր կեսօրին բերման ենթարկվել, սակայն նրանց կարգավիճակի մասին Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս տեղեկություն չի հաղորդում: Կոմիտեն միայն քիչ առաջ հայտնեց Այվազյանի ձերբակալման մասին լուրը, նրա հայրը՝ Ստեփան Այվազյանը, քիչ առաջ «Ազատությանն» ասել էր, որ տեղյակ չէ որդու կարգավիճակի ու քրեական գործի մասին:
Արմեն Այվազյանն արդեն երեք տարի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինն է ղեկավարում։ Նրա ձեռքի տակով են անցնում հարկերն ու մյուս եկամուտները։ Շուրջ 2 տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին Այվազյանի ղեկավարած բաժինը։ «Ազատությանն» այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ իրավապահների կասկածները վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեկուկես տարի առաջ «Ազատությանը» հայտնել էին, որ նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ դեռ չկան։
Արմեն Այվազյանի կինը՝ Լիլիթ Հովսեփյանը Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ է: