Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Ազատությունն» ավելի վաղ գրել էր, որ Վաղարշապատում ընթացող քարոզարշավին զուգահեռ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ է զբաղված: Անուշ Համբարձումյանը, ով Վաղարշապատի ընտրություններում նաև տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու, ոչ միայն չի հերքում, այև Ֆեյսբուքի իր էջում մանրամասն պատմել էր, թե որ բնակչին ինչ է բաժանել:
Քրեական օրենսգրքով՝ քարոզարշավի ընթացում թեկնածուները, կուսակցականները, վստահված անձինքն չեն կարող բարեգործություն անել, արգելված է, խախտողներն էլ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարել է. «Ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ»: