Մատչելիության հղումներ

Ձերբակալվածներ, անջատված ինտերնետ, սիրիական զուգահեռներ․ անկարգություններ Իմիշլիում


Ադրբեջան - Բողոքի ակցիան Իմիշլիում, 18-ը հունվարի, 2025թ.
Ադրբեջան - Բողոքի ակցիան Իմիշլիում, 18-ը հունվարի, 2025թ.

Ադրբեջանական Իմիշլի քաղաքում, ոստիկանական մեքենայի կողմից դպրոցահասակ երեխաներին վրաերթի ենթարկելու՝ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպից և դրան հետևած տարերային բողոքի ակցիաներից հետո, իրադրությունն աստիճանաբար հանդարտվում է։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ շուրջ 30 հազար բնակիչ ունեցող Իմիշլիում իրավիճակը հնարավոր է եղել կայունացնել միայն բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալություններից և քաղաքում ներքին զորքերի ստորաբաժանումների տեղակայումից հետո։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության խոսնակ Էլբրուս Իբրահիմովը կիրակի օրը հաստատեց ձերբակալությունների փաստը։ «Իմիշլիի շրջանի մի խումբ բնակիչներ ձերբակալվել են հասարակական վայրում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով», - հայտարարում էր ՆԳՆ խոսնակը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների թիվը ինն է։ Դատելով տարածված տեսանյութից՝ նրանցից երկուսն անչափահասներ են։

Իմիշլիում ձերբակալվածները, 19-ը դեկտեմբերի, 2025թ.
Իմիշլիում ձերբակալվածները, 19-ը դեկտեմբերի, 2025թ.

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, սակայն, տեղի բնակիչները հաղորդել են, որ ձերբակալվածների թիվը հասնում է հարյուրի։

«Նրանց հարազատները՝ հիմնականում տարեց տղամարդիկ, հավաքվել էին ոստիկանության շրջանային բաժանմունքի առջև՝ փորձելով պարզել հունվարի 18-ին ձերբակալված իրենց հարազատների ճակատագիրը», - լրագրողների հետ զրույցում նշել է Իմիշլիի բնակիչներից մեկը։

Բաքվից շուրջ 270 կիլոմետր հարավ գտնվող այս քաղաքում իրավիճակը սրվել էր շաբաթ կեսօրին, երբ ոստիկանական մեքենայի վարորդը, փորձելով խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, մեքենան դուրս էր բերել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վրաերթի ենթարկելով մայթով անցնող դպրոցականներին խմբին։ Վթարի հետևանքով դպրոցականներից երկուսը զոհվել են։

Դրանից անմիջապես հետո ողբերգության վայրում էին հավաքվել Իմիշլիի տասնյակ բնակիչներ։ Նրանք սկզբում կոտրել էին ոստիկանական մեքենայի ապակիները, ապա շրջել էին այն։

Դրանից հետո անկարգությունները վերածվել էին դասական բողոքի ակցիայի, որի մասնակիցները «հրաժարական» վանկարկելով, երթով շարժվել էին ոստիկանության շրջանային բաժանմունքի ուղղությամբ։ Տեղական ղեկավարներից որևէ մեկը, սակայն, ցուցարարների մոտ դուրս չէր եկել։

Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ Իմիշլիում, ողջ Ադրբեջանում տիրող խուլ դժգոհության արտահայտությունն էր։

«Կասկած չկա, որ հրաժարականի պահանջով վանկարկումների գլխավոր հասցեատերը ոչ ճանապարհային ոստիկաններն էին, ոչ էլ մեկ այլ տեղացի պաշտոնյա։ Դրանք ուղղված էին Իլհամ Ալիևին՝ այն մարդուն, որն ասում է՝ «քանի դեռ ես նախագահ եմ, որևէ մեկը չի համարձակվի ոստիկանությանը պատասխանատվության ենթարկել»։ Մի երկրում, որտեղ 330 բանտարկված ակտիվիստ կա, մի փոքր կայծը րոպեների ընթացքում փողոց դուրս բերեց հազարավոր մարդկանց։ Եվ սա մի իրավիճակում, երբ երկրում գոյություն չունեն ընդդիմություն կամ ազատ մամուլ։ Որտե՞ղ է այն երաշխիքը, որ մի օր էլ, մեկ այլ կայծի արդյունքում, արդեն 100 հազար մարդ փողոց դուրս չի գա», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերիմլին։

Իր այս միտքը զարգացնելով՝ Քերիմլին զուգահեռներ է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա արդեն նախկին սիրիացի գործընկեր Բաշար Ասադի միջև։

«Եթե դաժանության միջոցով հնարավոր լիներ ժողովրդի հանդեպ հավերժական հաղթանակի հասնել, ապա Ասադին, որը «Սեդնայա բանտ» անունը կրող դժոխքն էր ստեղծել, չէին նետի պատմության աղբանոցը», - նշում էր Ժողճակատի առաջնորդը։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Մուսավաթ»-ի խորհրդի նախագահ Արիֆ Հաջիլին համոզված է՝ իշխանությունները պետք է վերացնեն նման բողոքի ակցիաները ծնող պատճառները, այլ ոչ թե պայքարեն հետևանքների դեմ՝ սահմանափակելով դժգոհությունների մասին տեղեկատվության տարածումը։

«Իմիշլիի շրջանում իշխանություններն անջատել էին ինտերնետը, որպեսզի բողոքի գործողությունների մասին տեղեկությունները չտարածվեն։ Իրականում, մինչդեռ, հակառակն է պետք անել՝ ոչ թե թաքցնել բողոքի ակցիաների մասին տեղեկատվությունը, այլ պայքարել այն կամայականությունների դեմ, որոնց հետևանքով ծագում են նման բողոքի ցույցերը», - ընդգծում էր Հաջիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG