Անկարայում գալիք շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ Թուրքիայում ոստիկանական հատուկ գործողություններից հետո մի շարք անձինք, այդ թվում՝ լրագրողներ, ակադեմիկոսներ և ձախակողմյան խմբավորումների անդամներ, բերման են ենթարկվել, DPA-ի փոխանցմամբ՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդում են ընդդիմադիր «Halk TV»-n և «Cumhuriyet» թերթը՝ Անկարայում, Ստամբուլում և այլ շրջաններում իրականացված հատուկ գործողությունների թիրախում եղել են ձախակողմյան և սոցիալիստական կուսակցությունները, արհմիությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության խմբերը։
Ձերբակալվածների թվում իշխանությանը քննադատող «T24» և Oda Tv» լրատվականների երկու խմբագիրներն են։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ընթացող հատուկ գործողությունները ընդդիմադիր ձայները լռեցնելու փորձ որակելով՝ Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ իրավաբանների ասոցիացիան սոցցանցային գրառմամբ պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին՝ հայտարարելով, որ նրանց ձերբակալությունները խախտում են մամուլի ազատությունը։
Պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունն ութ շրջաններում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում այսօր բերման է ենթարկել 39 կասկածյալի, որոնք, ըստ իրավապահների, անդամակցել են արգելված «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն-ճակատ» ձախակողմյան խմբավորման՝ «THKP/C-DEV YOL»-ի երիտասարդական թևին։
Երկրի արևմուտքում գտնվող Քոջաելիում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է ևս 28 կասկածյալ, որոնք ենթադրաբար կապեր են պահել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ձախակողմյան զինյալների հետ, գրում է Anadolu-ն։ Հաղորդվում է, որ իրավապահները խուզարկության ժամանակ զինամթերք և արգելված թվային միջոցներ են առգրավել։
Այսօրվա գործողություններին անցած շաբաթ մի քանի այլ ձերբակալություններ էին նախորդել։
Քննադատների պնդմամբ՝ այս գործողություններն ուղղված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բողոքի ցույցերը կանխելուն և այլախոհությունը ճնշելուն։ Մինչդեռ իշխանությունների գնահատմամբ՝ դրանք հակաահաբեկչական հետաքննությունների մաս են։