Մատչելիության հղումներ

«Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն». Բայրամովը պատմել է, թե ինչպես Փաշինյանը մերժեց բանակցել, և ինչպես սկսվեց պատերազմը


2020-ի 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում Ադրբեջանի արտգործնախարարը մի շարք մանրամասներ է ներկայացրել նախապատերազմյան և հետպատերազմյան իրադարձությունների մասին՝ ըստ էության մեղադրելով Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար։

Ծավալուն ֆիլմում Ջեյհուն Բայրամովը նախ պատմում է, թե ինչպես է սկզբում կառուցողական մոտեցում որդեգրած Փաշինյանը կես տարի անց մերժել լուծել Ղարաբաղյան խնդիրը։

Մասնավորապես՝ փակագծեր բացելով 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից, Ջեյհուն Բայրամովը պատմում է, թե ի պատասխան Ալիևի դիտարկմանը, որ Ադրբեջանի «օկուպացված տարածքները» պետք է ազատագրվեն, Փաշինյանը խոստացել է լուծել Ղարաբաղյան խնդիրը, բայց դրա դիմաց խնդրել է Ալիևին դադարեցնել սահմանին հնչող կրակոցները։ Փաշինյանը դժգոհել է, որ Ադրբեջանը դիպուկահարների միջոցով պատերազմ է մղում, և եթե այդ ակտիվությունը նվազեցնեն, ապա դա իրեն շատ կօգնի։

«Եվ հենց Դուշանբեում նախագահ Ալիևը հանձնարարեց իր պաշտպանության նախարարությանը՝ բոլոր ուղղություններով կատարյալ լռություն, կայունություն պահպանել, և նույնիսկ եթե հայկական կողմը հրադադարը խախտի, միանգամից չպատասխանել», - ասում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:


Փաշինյանը փոխում է տոնայնությունը

Սակայն վեց ամիս անց՝ արդեն 2019-ի մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում Փաշինյան-Ալիև հերթական հանդիպմանը, Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի վարչապետն արդեն կտրուկ փոխել է դիրքորոշումն ու տոնայնությունը և, ըստ Բայրամովի, բացեիբաց հայտարարել, թե «չի կարող և չի լուծելու Ղարաբաղի խնդիրը»։

«Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն», - ըստ Բայրամովի՝ Ալիևին հռետորական հարց է տվել Փաշինյանը, ինչին ի պատասխան Ալիևը ասել է, թե «ընդհանրապես չի ցանկանում, որ որևէ մեկին սպանեն», բայց դա չի նշանակում, որ «ադրբեջանական տարածքները պետք է օկուպացված մնան»։

Բաքուն «հայկական սադրանքների» մասին փաստաթուղթ է ներկայացրել

Ի դեպ, ադրբեջանական հեռուստաընկերության հետ զրույցում Բայրամովը պատմել է, որ 2018-ից 2020 թվականներին հայկական կողմի «սադրանքների մասին» մի ծավալուն փաստաթուղթ էին կազմել, որը թե՛ նախապատերազմական, թե՛ հենց պատերազմի օրերին ներկայացրել են արտերկրի դիվանագետներին և գործընկերներին։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ հիշեցրել է Վիեննայի հանդիպման հենց հաջորդ օրը՝ 2019-ի մարտի 30-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը։

Բայրամովը նաև հիշեցրել է մի քանի ամիս անց՝ 2019-ի օգոստոսի 5-ին, Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» Ստեփանակերտում արված հայտարարությունը։

Ադրբեջանի արտգործնախարարը «սադրանքների» շարքին է դասել 2019-ի ամռանը Ղարաբաղում՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացված համահայկական խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ըստ Ջեյհուն Բայրամովի՝ սա ևս մեկ «կարմիր գիծ» էր, որը հատեց Հայաստանը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ «սադրանք» է որակել 2020-ի հուլիսի 12-ից 16-ը Թովուզի ուղղությամբ տեղի ունեցած տավուշյան մարտերն ու դրանց հետևած հայկական կողմի նախապայմանները։


Ըստ Բաքվի՝ հայկական կողմը 7 նախապայման է ներկայացրել

«Դրանցից հետո՝ հուլիսի 23-ին, Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ քաշեց 7 լրացուցիչ նախապայման։ Բոլոր այդ 7 նախապայմաններն անընդունելի էին։ Եվ ես ուզում եմ առանձնացնել դրանցից մեկը՝ «եթե Ադրբեջանը ընդհանրապես ցանկանում է քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ»։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է բազմամյա բանակցային գործընթացի տապալում։ Լարվածությունը թևածում էր օդում։ Արդեն պարզ էր, որ պատերազմը ժամանակի հարց էր։ Մյուս բոլոր մեթոդները արդեն սպառել էին իրենց», - ասել է նա։

Խոսելով արդեն 44-օրյա պատերազմի օրերի մասին՝ Բայրամովը մի շարք մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին։

Հադրութի գրավումը՝ բանակցային խաղաթուղթ

Հիշատակելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները՝ Բայրամովը պատմում է, որ առաջարկվող փաստաթղթում որևէ խոսք չկար ադրբեջանական «օկուպացված տարածքները» ազատագրելու մասին, «ինչը, բնականաբար, Ադրբեջանը մերժել է և պահանջել Հայաստանից օկուպացված տարածքներից դուրս գալու կոնկրետ ժամանակացույց ներկայացնել»։

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ Բայրամովի, դժգոհել է՝ ասելով, որ այդպես չի կարող լինել, և Ադրբեջանը պետք է վերադառնա մինչև սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցած սահմանային իրավիճակին։ Ադրբեջանը, սակայն, իր դիրքորոշումը չի փոխել՝ առաջարկելով բանակցությունները դադարեցնել և շարունակել հաջորդ օրը։ Հենց այս քննարկումների ընթացքում արդեն հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակը գրավել է Հադրութը, ինչն էլ արդեն որպես գործոն Բաքուն օգտագործել է բանակցություններում։

«Երբ Մնացականյանը սկսեց խոսել «5+2» բանաձևի մասին, մենք ասացինք՝ «նայեք, դա այլևս չի աշխատում, քանի որ Ջաբրայիլն ու Հադրութը ազատագրված են»։ Հայաստանի արտգործնախարարը փորձում էր իրեն ինքնավստահ պահել՝ ասելով, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, և առաջիկայում մենք կլսենք բոլորովին այլ նորություններ», - պատմել է Բայրամովը։


«Հայերին կարելի է հաղթել ֆուտբոլում, բայց ապացուցել՝ ոչ»

Արդեն հոկտեմբերի 30-ին Ժնևում շարունակված բանակցություններում, ըստ Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանը կրկին հայկական կողմից պահանջել է «օկուպացված տարածքները» ազատելու ժամանակացույց, ինչին ի պատասխան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է՝ եթե տեսականորեն հայկական կողմը համաձայնի ժամանակացույց ներկայացնել, արդյոք Ադրբեջանն էլ կվերադարձնի՞ Շահումյանի շրջանը։ Մնացականյանի այս առաջարկը զարմացրել է ադրբեջանական կողմին:

«Պատկերացրեք՝ հոկտեմբերի 30-ն է, և նա ասում է՝ կարող եք վերադարձնել Գյուլիստանը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ նրանք իրավիճակին ոչ համարժեք ընկալումներ ունեն։ Ես հիշեցի հայտնի կատակը՝ հայերին կարելի է հաղթել ֆուտբոլում, բայց ապացուցել՝ ոչ», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ նոյեմբերի 8-ին արդեն Հայաստանը համաձայնել էր ընդունել Բաքվի պահանջները, բայց հրաժարվում էր քննարկել Շուշիի հարցը։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ էր. «Առանց Շուշիի այս հարցը լուծվել չի կարող։ Շուշին բանակցությունների առարկա լինել չի կարող։ Եվ դա էր պատճառը, որ երբ ադրբեջանական հատուկջոկատայինները մտան Շուշի, հայկական կողմը փորձեց հակագրոհ իրականացնել»։

«Մեկ օրում Բաքուն հասավ այն ամենին, ինչ ուզում էր»

Ի վերջո՝ գրավելով Շուշին, ըստ Բայրամովի, Ալիևին հաջողվում է փաստաթղթում ամրագրել կոնկրետ ժամանակացույց, որի համաձայն հայկական զորքերը դուրս էին գալիս Քելբաջարից, Լաչինից և Աղդամից։ Երկրորդ՝ եռակողմ հայտարարության համար սահմանվեց կոնկրետ ժամկետ, քանի որ ի սկզբանե այն անժամկետ էր։ Նոյեմբերի 8-ից 9-ը Ալիև-Պուտին ինտենսիվ բանակցությունների արդյունքում Բաքվին հաջողվում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրել նաև Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցություն ստանալու դրույթը. «Այսինքն՝ այս ամենը, ինչին հաջողվեց հասնել, ընդամենը մեկ օրվա ինտենսիվ բանակցությունների արդյունք էր»։

Հայաստանի վարչապետն առայժմ չի արձագանքել Բաքվից հնչած դիտարկումներին։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորները դեռ շարունակում են ակտիվորեն հակադարձել երկրորդ և երրորդ նախագահների՝ Փաշինյանի հասցեին հնչեցրած քննադատություններին։ Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը Փաշինյանին են մեղադրում բանակցություններից հրաժարվելու և անհեռատես քայլերով պատերազմ հրահրելու համար։ Ինքը՝ Փաշինյանը, պնդում է՝ 44-օրյա պատերազմը կանխելու համար պետք էր անել մի բան՝ ընդունել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG