Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինայի առաջնորդին, այս անգամ մի հարցազրույցի համար, որտեղ Վլադիմիր Զելենսկին պնդել է, թե «Ուկրաինան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը, և այստեղ քննարկելու բան չկա»։
«Այս հայտարարությունը շատ վնասակար է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններին», - գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում, հավելելով, - «Այսօրինակ բորբոքիչ հայտարարությունների պատճառով է այսքան դժվար դադարեցնել այս պատերազմը։ Զելենսկին գլուխ գովալու տեղ չունի, Ուկրաինայի վիճակը շատ վատ է»։
Դրանից ժամեր առաջ ԱՄՆ փոխնախագահ Վենսը սպառնացել էր, թե Ամերիկան կարող է դուրս գալ բանակցություններից, եթե Մոսկվան կամ Կիևը չընդունեն Վաշինգտոնի առաջարկը։ Անցած շաբաթ նույնը պնդել էին նաև ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահը։
«Մենք շատ մոտ ենք գործարքին, բայց նա, ով ձեռքում խաղաքարտեր չունի, պետք է վերջապես համաձայնի», - գրել է Թրամփը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում ամենով իրենց աղբյուրներին, հաղորդել էին, թե անցած շաբաթ Փարիզում Վաշինգտոնը եվրոպացի դաշնակիցներին ու Ուկրաինային ներկայացրել է իր առաջարկը, որով Ուկրաինան պետք է հրադադարի դիմաց ճանաչի Ռուսաստանի իրավազորությունը բռնազավթված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի վրա։ Այս տեղեկությունները պաշտոնյաները չեն հերքել, բայց և չեն հաստատել։