Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի, հաղորդում է AP-ն։
Ըստ հաղորդման՝ հոսպիտալացված անձանցից 8-ի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
Զոհերի թվում են Դոմինիկյան Հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչներ, մարզիկներ, երաժիշտներ։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն երկրի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հավանականությունը քիչ է, որ ողջ մնացած անձինք կգտնվեն։ Փլատակների տակից ընդհանուր 145 մարդ է դուրս բերվել։
Jet Set-ի տանիքը փլուզվել է ապրիլի 8-ի երեկոյան՝ լատինաամերիկացի հայտնի երգիչ Ռուբբի Պերեսի համերգի ժամանակ։ Նշվում է, որ 69-ամյա երգիչը ևս մահացել է։
Ըստ որոշ տեղեկությունների՝ համերգի ժամանակ ակումբում մոտ հազար մարդ է եղել։ Փլուզման պատճառները դեռևս չեն նշվում։
Դոմինիկյան Հանրապետության կառավարությունը ողբերգության պատճառների մանրակրկիտ հետաքննություն է խոստացել։