Վաղարշապատի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը լրագրողներից է լսել, որ իրավապահները հետաքրքրված են իր պաշտոնավարման տարիներով ու քրեական գործ են հարուցել:
«Մինչև օրս մեզ ոչ մեկը ոչ տեղեկացրել է, ոչ առավել ևս ծանուցագիր են ուղարկել, ոչ էլ եկել են հանդիպման», - ասաց նա:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե Դողս ու Ծաղկունք համայնքների վերաբերյալ քրեական գործեր են նախաձեռնվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու գույքի հափշտակության հոդվածներով: Որ համայնքապետերի պաշտոնավարման մասին է խոսքը, և կոնկրետ ինչ են արել՝ իրավապահ կառույցներից հրաժարվում են մանրամասնել:
Լրագրողներից Լիա Սարգսյանն էր փաստաթղթեր հրապարակել, որ քրեական գործերը վերաբերում են Փաշինյանի կառավարությանը քննադատող «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակում հայտնված նախկին համայնքապետերին՝ Գրիշա Հարությունյանին ու Դավիթ Կարապետյանին:
«Ես աշխատել եմ մոտ 5 տարի, ոչ մի նմանատիպ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, գույքի հափշտակում չունեմ արած», - ասաց Գրիշա Հարությունյանը:
Նա Դողսի գյուղապետն է եղել 2016-ից մինչև 2021 թվականը: Ոչ պաշտոնավարման շրջանում, ոչ էլ հրաժարականից հետո իրավապահներն, ասում է, իրեն չեն հիշել: Քրեական գործը հարուցվեց Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի օրերին, երբ նախկին համայնքապետը ընդդիմադիր «Մայր Հայաստանի» ցուցակը գլխավորեց:
Արդյոք քաղաքական դրդապատճառով են իրավապահները հասել իր պաշտոնավարման տարիներին՝ Գրիշա Հարությունյանը խուսափեց գնահատականներ տալ. «Հասկանանք՝ դա արդյոք իրականություն է, արդյոք մեզ վրա գործ են հարուցել, ինչի մասին է, նոր այդ ժամանակ հասկանանք՝ ինչ ենք անում»:
Ծաղկունքի նախկին համայնքապետ Դավիթ Կարապետյանն էլ ընդդիմադիր կուսկացության ցուցակի երկրորդ տեղում էր: Նա էլ պաշտոնավարել է քսան տարի՝ 2001-ից մինչև 2021-ը: Արդյոք տեղյակ է քրեական գործից, ու արդյոք իրավապահները նախկինում հետաքրքրվել են իր պաշտոնավարման տարիներով՝ Դավիթ Կարապետյանից ճշտել չհաջողվեց: Ընդդիմության ցուցակում հայտնված այս թեկնածուն էլ չորս տարի աշխատել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք:
Ինչո՞ւ հանկարծ նրան հիշեցին հիմա՝ կուսակացության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պնդում է՝ սա զուգադիպություն չէ, քաղաքական հաշվեհարդար է, ճնշելու ու վախեցնելու գործիք, ու հենց քաղաքական նկատառումներով էլ իրավապահները սկսել են արխիվները փորփրել:
«7 տարի է հանկարծ, ու պարզվեց՝ հենց «Մայր Հայաստանի» ցուցակի վերին հորիզոնականներում հայտնվեցին, միանգամից այդ հիմքերի մասին հիշեցին: Մի խոսքով՝ գործ են կարում ակնհայտորեն», - նշեց Թևանյանը:
Քննչական կոմիտեի լրատվականից դեռ չեն պատասխանել հարցերին, թե ինչ փուլում է այս քրեական գործը, նրանց մեղադրանք առաջադրվել է: Գրիշա Հարությունյանը վստահեցրեց, որ մինչ այս պահը որևէ իրավապահ կառույցի իր հետ չեն կապվել ու ոչինչ չեն փոխանցել:
Արդյոք նախկին համայնքապետերի պաշտոնավարման տարիների վերաբերյալ իրավապահներն ավելի վաղ էլ կասկածներ ունեին, և ինչու վարույթները հարուցվեցին նախընտրական շրջանում՝ Քննչականից չեն մեկնաբանում, բայց կառույցի ղեկավարը այլ գործերով հերքել է քաղաքական պատվեր կատարելու մեղադրանքները:
«Մայր Հայաստանը», նախնական արդյունքներով, Վաղարշապատի ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել է ու կլինի ավագանիում՝ երրորդ ուժն է: «Մայր Հայաստանը» Ծաղկունքում իշխող ուժից շատ ձայն է ստացել: Գրիշա Հարությունյանի գյուղում էլ՝ Դողսում, Փաշինյանի թիմից 150 ձայն ավելի են ստացել: