Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ դիտավորություն է եղել այն, որ երեկ քաղաքի կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ:
«Ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ, ես մշտական անցնում եմ այդտեղ, տեսնում եմ, դասական երաժշտություն է դրված հաճելի: Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ես պետք է ասուլիս տամ... պատկերացրեք՝ դիտավորյալ արեցին, որովհետև հիմա խակերներն ինչ ասես՝ անում են, կարող է վաղն էլ ադրբեջանական երաժշտություն դնեն», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:
Ղուկասյանը հավելեց, որ քաղաքապետն այդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի:
Ավելի վաղ Գյումրիի համայնքապետարանն էր արձագանքել այս միջադեպին՝ նշելով, որ դա տեխնիկական խոտանի հետևանք է։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց», - նշել էին քաղաքապետարանից:
Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում առավոտյան ռուսերենով այսպիսի գրառում էր արել՝ ըստ էության հենց այս միջադեպը մեկնաբանելով. «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться! (Գողը պետք է նստի բանտում, այլ ոչ թե հիանա շատրվաններով)»: