Ինչո՞ւ Դիլիջանի թիվ մեկ մանկապարտեզի 18 տարվա դայակը հանկարծ ոչ տնօրինության, ոչ էլ ավելի վերևների սրտով չեղավ, ու մի քանի օրում նրանց հակասություններն այնքան խորացան, որ երկարամյա աշխատակցի առաջ գործից դուրս գալու պայման դրեցին:
Չնայած հակասությունը սրվել, պատմությունը՝ Հայաստանով մեկ է եղել, բայց դայակ Արևիկ Ալիխանյանը պնդում է՝ մեղավոր չէ, աշխատանքից ազատվելու դիմում գրել չի պատրաստվում: Նկարահանումից հրաժարվեց, միայն ձայնագրվելու պայմանով ասաց, թե այսօր իրեն քննադատում են անգամ այն գործընկերները, որոնք մինչև վերջերս անվերապահ վստահում էին:
Ամսական մոտ 100 հազար դրամ աշխատավարձից զրկվելու վտանգի տակ կանգնած Արևիկ Ալիխանյանը պատմում է՝ վեց ամիս անընդհատ բարձրաձայնել է, որ 2-3 տարեկան երեխաներին անհնար է մենակ խնամել, խմբում աշխատող դաստիարակը կես դրույքով է, մշտապես խմբում չի լինում ու որ հոգնածությանն այլևս չի դիմանում: Մշտական գործընկեր ունենալու պահանջ է դրել: Պահանջը լսել, բայց հարցին լուծում չեն տվել: Ստիպված դստեր միջոցով մի նամակ համայնքապետարան՝ ուղիղ քաղաքապետին է գրել, մյուսն էլ՝ հետաքննող լրագրողներին: Հենց այս քայլերն էլ աններելի արարք են համարվել, պնդում է Ալիխանյանը:
Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը, մինչդեռ, ձեռքի տակ դայակին տված երկու խիստ նկատողության տեքստ ունի: Ասում է՝ Ամանորից առաջ տարեվերջյան ժողովին է տեղեկացել, որ իր ենթական վատ է վերաբերվում 2-3 տարեկան սաներին: Թե՛ տնօրենը ու թե՛ մանկապարտեզի մեթոդիստն ասում են՝ պատահաբար են իմացել, որ Արևիկը ագրեսիվ է, վիրավորական խոսքեր է ասում մի մատ երեխաներին: Ճակատագրական ժողովին անգամ բռնություն բառն են գործածել:
Դայակ Արևիկ Ալիխանյանը սրան էլ է հակադարձում՝ երկու նկատողությունն էլ միայն դստեր նամակը քաղաքապետարան հասնելուց և «Հետք»-ի հրապարակումից հետո՝ նույն օրում է տրվել, ու որ նկատողություններից մեկի ամսաթիվն ավելի ուշ է ավելացվել:
Երկու կողմի հակասական պատմություններն այնքան են ծավալվել, որ քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ու իր խորհրդական Նոնա Գրիգորյանն արդեն մի քանի անգամ այս հարցով մանկապարտեզ են այցելել: Հրաժարվեցին «Ազատության»-ը հարցազրույց տալ, բայց ասացին՝ սաների շահը գերադասելի է, հավատում են դայակի ագրեսիվ պահվածքի մասին պատմություններին ու որ շարունակում են հորդորել նրան աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Ինչո՞ւ է դայակը խմբում մենակ աշխատում
Ինչո՞ւ է դայակը խմբում մենակ աշխատում ու ինչո՞ւ է երկարամյա դաստիարակը կես դրույքով աշխատող դարձել: Բանն այն է, որ անցած տարվանից կառավարությունը մանկավարժական կրթություն չունեցող դաստիարակներին արգելեց շարունակել աշխատանքը: Արևիկի գործընկեր Ջուլիետտա Սեյրանյանին ազատել, հետո կես դրույքով նորից են գործի ընդունել, մինչև մրցույթ կհայտարարեն ու նոր աշխատող կընդունեն: Դրանից հետո պարբերաբար ոչ միայն դայակ Արևիկն է ծանրաբեռնվածությունից դժգոհել, այլև փոքրիկների ծնողները: Նրանցից մեկը, որ եկել էր մանկապարտեզ՝ երեխային տուն տանելու ասաց՝ անդադար է հարցրել՝ երբ խմբում կհամալրվեն աշխատողները:
Ծնողներից ևս մեկը միայն դրական խոսքեր ասաց մանկապարտեզի մասին, վատ վերաբերմունքը, առավել ևս բռնությունը բացառեց:
Դիլիջանի այս մանկապարտեզի շուրջ աղմուկից օրեր են անցել: Արևիկը շարունակում է գործի գնալ: Այսօր էլ աշխատել է՝ առանց միջադեպերի, քննարկումների ու ազատման պահանջների:
Թե ինչպես կավարտվի այս պատմությունը, հայտնի չէ: Բայց տնօրենի վերջին օրերին ստորագրած հայտարարություններում նշված է, թե Արևիկին բազմաթիվ անգամներ բանավոր դիտողություններ է արել նախկինում ու որ նա ենթակա է աշխատանքից ազատման: Այսօր մանկապարտեզ են այցելել Աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչներն ու գրավոր բացատրություն վերցրել կողմերից:
Ավելի մանրամասն՝ ռեպորտաժում.