Մատչելիության հղումներ

Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվեց. փաստաբանը պնդում է՝ որոշումը բողոքարկելու են

Շուրջ 5 ժամվա քննություն ու երկամսյա կալանք. դատարանը վաղ առավոտյան բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվեց:

ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ բողոքարկելու են Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը:

«Տաք հետքերով փուլը բաց եք թողնում, տեսնում եք, թե ինչ պատշաճ վարքագիծ է անձը դրսևորում, բոլոր դեպքերում դրանից հետո կալանքի միջնորդություն է ներկայացվում, դա էլ բավարար չէ, մի հատ էլ բավարարվում է, մենք բախվում ենք իրական աբսուրդի: Ակնհայտ է, չէ՞, 12 օր անցել է քրեական վարույթի նախաձեռնման, ձայնագրության հանրայնացման օրից», - ասաց Վարդևանյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ընտրության նախորդ օրն էր դատախազություն դիմել՝ ԿԸՀ-ի համաձայնությամբ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Պնդում էին՝ փաստեր ունեն, որ ընդդիմադիրների մի խումբ, նրանց թվում՝ Դավիթ Ղազինյանը ընտրողներին կաշառք են խոստացել ու տվել: Ինչպես նաև ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ինչ-որ մեկը Դավիթ Ղազինյանի անունն էր տալիս, բայց գաղտնալսման մեջ անձամբ նրա ձայնը չկար: Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում, ինչպես փոխանցեց փաստաբանը՝ համարում է քաղաքական:

Գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցը կալանավորվեց անձեռնմխելիությունից զրկվելուց ժամեր անց:

«Եթե որևէ մեկը մի անձի հիշատակում է խոսակցության ընթացքում, ինքնին չի կարող բավարար լինել որևէ անձի դեպքում, լինի ընդդիմադիր հայացք կրող, թե իշխանական հայացք կրող, պետք է նշված տվյալը ամրապնդվի այլ տվյալներով, եթե դրանք չկան, ստացվում է մենք գործ ունենք պարզապես կենցաղային, բամբասանքի կամ նման բնույթի խոսակցությունների հետ», - ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ իսկ նրա դեմ ցուցմունքներ չկա՞ն, նույն մարդը, ում ձայնը լսվում է, հարցաքննվե՞լ է, նա պատասխանեց. «Նախաքննական գաղտնիք բացահայտելու տեսանկյունից որոշակի սահմանափակում ունեմ: Ես կարող եմ կրկին հաստատում-պնդումը կատարել, որ Դավիթ Ղազինյանի մասնակցությամբ որևէ մի գործողության տվյալ չկա»:

Ռոբերտ Քոչարյանին առնչվող նոր գործը փաստաբանը քաղաքական է համարում

Ընդդիմախոսներին բանտերը նետելու, ջախջախելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող նոր գործը փաստաբան Արամ Օրբելյանը ևս քաղաքական է համարում: Քոչարյանի դեպքում միայն մեղադրանք առաջադրելու համաձայնության համար էր դատախազությունը ԿԸՀ դիմել, որը մեկ օր է ստացել են, բայց նրան նոր մեղադրանք, նախկին նախագահի թիմակիցների, դեռ չի առաջադրվել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդն այս պահին մեղադրյալ է մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով:

Ըստ փաստաբանի՝ հիմա 2018 թվից քննվող գործին են որոշել անդրադառնալ: Սպասվող մեղադրանք էլ կարող է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման հոդվածներով լինել:

Փաստաբանի պատմելով՝ Ռոբերտ Քոչարյանին առնչվող նոր գործը վերաբերում է 2004 թվին կառավարության հաստատած մի գործարքի, որը Քոչարյանը որպես նախագահ ստորագրել է: Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի ակումբի տարածքը վարձակալության տալու մասին է, որտեղ արդեն նախագահ չլինելուց հետո Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, բաժնեմաս է գնել, հենց դա են իրավապահները, ըստ Օրբելյանի, կապում Քոչարյանի նախագահության տարիների որոշման հետ:

«Այդ որոշման վրա Ռոբերտ Քոչարյանի վավերացումը, որպես նախագահի, կա, որովհետև 95 թվականի Սահմանադրությամբ նախատեսված է եղել ընթացակարգ, որ կառավարության որոշումները վավերացնում է նախագահը, այսինքն, վարչապետը ստորագրում է, նախագահը վավերացնում է: Սեդրակ Քոչարյանը այդ ընկերություններից մեկում ներդրում է արել, ընդ որում, ներդրումները հիմնավորող փաստաթղթերը, շոշափելի ներդրումների մասին էր խոսքը գնում, այսինքն այդ ամբողջ թեզիսը ընդհանրապես չի հաստատվում», - ասաց Օրբելյանը:

Նախկին նախագահին վերաբերող գործը ենթադրաբար Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում, բայց կառույցից որևէ տեղեկություն մինչև այս պահը չեն փոխանցել: Իրավապահների հիմնավորումներին ծանոթացնելու հնարավորություն, հետևաբար, չունենք:

«Հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են», - ասաց փաստաբանը:

ԿԸՀ-ն նախընտրական ու հետընտրական շրջանում բավարարել է պատգամավորների թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու իրավապահների բոլոր դիմումները, որոնք վերաբերել են «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների, նաև «Բարգավաճ Հայաստանի» 17 թեկնածուներին:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG