Մատչելիության հղումներ

Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա խափանման միջոց կալանքը վերացվեց: Որևէ այլ խափանման միջոցի անհրաժեշտություն դատարանը չտեսավ:

ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, կալանավորվել էր հունիսի 18-ին:

Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակման՝ Դավիթ Ղազինյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին հունիսի 7-ին իր դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Այդ նպատակով, ըստ կոմիտեի, Ղազինյանը իր թիմակցին փոխանցել է 1 միլիոն 400 հազար դրամ: Հակակոռուպցիոնի հաղորդմամբ՝ գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու շուրջ տարաձայնությունների պատճառով ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու գործը ավարտին չի հասել: Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում:

Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանը այս գործը քաղաքական որակեց։

«Շատ ցավում եմ, որ ես պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի։ Իրականում ցավում եմ, որովհետև նախ պետք է դա չլիներ, որ պատգամավոր դառնալով էլ դուրս գային, - ասաց Ղազինյանը և նշեց, - Բացարձակ, առերեսում էլ չեն արել։ Այնտեղ գիտե՞ք ոնց է, լավ անուն չասեմ, զապիսը լսել եք։ Ասում է Ղազինյան Դավոն.... առաջինը Դավոյի հեղինակային իրավունքը մորինս է, իմ մայրն է ինձ ասում Դավո, ոչ մեկ խնդրում եմ չասի, երկրորդը, ասում է՝ ես լսեցի, որ Ղազինյան Դավոն փող բերեց, այն մեկին ասում եմ, բա որտեղի՞ց լսեցիր, ասում է՝ այն մեկն ասեց, այն մեկին ասում եմ՝ բա որտեղի՞ց լսեցիր, ասում է՝ այն մեկն ասեց։ Այսինքն կտեսնեք էլի, փուչիկ է»:

Մեղադրող կողմը միջնորդել էր Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ 1 միլիարդ դրամ գրավի, վարչական հսկողության ու բացակայելու արգելքով. «Վարչական հսկողության սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքի կողմը գտնում է, որ կիրառելի է քրեական դատավարությանը մասնակցող անձանց հետ սահմանափակման անհրաժեշտություն, ինչպես նաև վարչական հսկողության համապատասխան վերահսկողության էլեկտրոնային միջոցների կիրառումը»։

Դատախազության ներկայացուցչի կարծիքով՝ Ղազինյանի խափանման միջոցը պետք է փոխվեր օգոստոսի 2-ից, քանի որ, ըստ մեղադրող կողմի, նա այդ օրն է ստանձնում լիազորությունները ու այս պահին չունի պատգամավորի կարգավիճակ:

Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել անհապաղ վերացնել կալանքը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որի համաձայն՝ «անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Փաստաբանները պնդում են, որ պատգամավորի կարգավիճակը այն պահից են անձինք ձեռք բերում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ բաշխելու մասին արձանագրություն է կազմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին է նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրել, այդ թվում՝ Ղազինյանին:

Մեղադրող կողմն էլ հայտարարում է. «Գտնում ենք մեղադրյալ Դավիթ Ղազինյանը Սահմանադրական դատարանի իմաստով պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերելու 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Ուստի, այնուամենայնիվ, պատվարժան դատարան, հաշվի առնելով, որ դատական նիստեր մինչև այս չունենք նշանակած, մեղադրանքի կողմը կրկին հարկ է համարում անդրադարձ կատարել մեղադրյալ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվող արդեն խափանման միջոցի իրավաչափության պայմաններին և հիմքերին արդեն Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության մեջ։ Այսինքն այն հարցը, որ անհապաղ քննարկման ենթակա է այս պահին և ըստ էության այս պահին անհրաժեշտության մեջ է պահվում, օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կարգավորումներին հակառակ տրամաբանության մեջ, մեղադրանքի կողմը չի կիրքում այդ կարծիքը և գտնում է, որ դա իրավական հիմնավորում չունի»։

Դատարանն այսօր վերացրեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով ընտրված պատգամավոր՝ Հայկ Սուքիասյանի խափանման միջոց տնային կալանքը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Նախկինում կիրառված 10 միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը պահպանվել են:

Նրա գործը նախաքննության ընթացքում է: Խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը փաստաբան Ֆերոյանը ներկայացրել էր քննչական մարմնին, սակայն պատասխան չի ստացել: Զուգահեռ դիմել էր դատարան:

Նրա փաստաբանը ևս միջնորդել էր վերացնել տնային կալանքը՝ հղում անելով նույն՝ Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը:

Սուքիասյանին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանք է ներկայացված, որը նա չի ընդունում:

Նախօրեին էլ դատարանը մերժեց ազատ արձակել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին: Նա դեկտեմբերից տնային կալանքի տակ է վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ սրբազանի գործով՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով: Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին:

Փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել վերացնել տնային կալանքը՝ հղում անելով ՍԴ-ի 2021 թվականի որոշմանը, որի համաձայն՝ «անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

ՍԴ որոշումը, որին հղում են անում փաստաբանները, վերաբերում է միայն խափանման միջոցին և չի ազդում քրեական գործերի քննության ընթացքի վրա. գործերը շարունակելու են քննվել դատարաններում:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG