Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, կառավարությունն այսօր նման որոշում ընդունեց։
Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, հաջողություններ մաղթեց։
Առուշանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ, որ բոլորիս ջանքերով, Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք», - ասաց Առուշանյանը։
Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է գրել: Մանդատից հրաժարվելու պատճառների մասին Առուշանյանը չէր հաղորդել։
Կառավարության անցած նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ շնորհակալություն հայտնելով Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթելով՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։
Ավելի վաղ վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ Մուշեղ Մուրադյանին խիստ նկատողություն էր արել՝ Վահրամաբեդի դպրոցում բնագիտության սենյակը բանակի կազմակերպչական զորահավաքային վարչության պետի անունով անվանակոչելու ու այդ միջոցառմանը մասնակցելու համար։ Այդ օրվանից արդեն սկսեցին լուրեր պտտվել, որ վարչապետը հրաժարական տալու մի հաղորդագրություն էլ Մուշեղ Մուրադյանին է ուղարկելու։
Մուրադյանը Շիրակի մարզպետն էր 2023-ի հունվարի 23-ից։ Մինչ այդ նա «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։