Վերջին երկու ամսում երկու փաստաբան է կալանավորվել, երկուսն էլ նույն՝ դատավորի՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Բայց այս երկու գործերում որևէ մեղադրյալ դատավոր չկա: Փաստաբաններն ահազանգում են, որ քրեական գործերում անգամ կաշառք ստացող դատավորների մասին որևէ տվյալ չկա:
Օրերս կալանավորված փաստաբան Արմինե Հարությունյանի պաշտպանը կարծում է՝ այսպես վատ նախադեպ է ձևավորվում:
«Մեղադրանքը, չգիտեմ, դժվար է նկարագրել՝ ինչ կարգի անօրինական, անհիմն, առանց որևէ փաստական հիմքի ... Այսինքն՝ Արմինե Հարությունյանին, ըստ էության, մեղադրանք են առաջադրել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, չկա կաշառք ստացող սուբյեկտ, ըստ էության, բայց օժանդակության մեղադրանք է առաջադրվում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գեղամ Հակոբյանը:
Հակոբյանը պնդում է՝ գործի նյութերում նշված է այն գումարը, որն Արմինե Հարությունյանը վերցրել է վստահորդից որպես իր ծառայության գումար, դա արձանագրված է պայմանագրում, և այդ գումարից հարկեր են վճարվել: Հակակոռուպցիոնը պնդում է՝ այդ գումարը դատավորին կաշառելու համար էր:
«Էդ վերցված գումարը ամբողջությամբ փոխանցվել է իր ընկերության հաշվեհամարին, որից վճարվել են հարկերը: Որևէ կապ չկա, իրականության մեջ որևէ հանգամանք չի հիմնավորում էդ մասին: Զուտ սահմանափակված լինելով ինֆորմացիա տրամադրելու հնարավորությունից՝ չեմ կարող բառացի մեջբերել ապացույցների կազմը, թե ինչ ենթադրական հիմնավորումներով են, կարող եմ մեկ բառով ընդամենը նշել, որ որևէ ապացույց գոյություն չունի էդ մասին», - ասաց Գեղամ Հակոբյանը:
Փաստաբանին հայտնի է, թե որ դատավորի մասին է խոսքը, բայց նրա անունը հրապարակելու իրավունք չունի, հատկապես երբ այդ դատավորը ոչ մեղադրյալ է, ոչ հարցաքննվել է, ոչ նրա անունը կա գործի նյութերում որպես կաշառք ստացող, ոչ էլ ապացույց կա, որ կոնկրետ այդ գումարը փոխանցվել է դատավորին:
Ըստ Գեղամ Հակոբյանի, գործընկեր մեղադրյալ փաստաբանն անգամ այդ դատավորի հետ չի խոսել, չի հանդիպել: Օրենքով դատավորներին մեղադրանք ներկայացնելու համար անհրաժեշտ է ստանալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը:
Իրավապահներն այս գործի մասին դեռևս որևէ տեղեկություն չեն տալիս, նշում են միայն, որ նախաքննություն է ընթանում:
«Մոխրաման գտան, մոխիր գտան, թուղթ գտան, անձեռոցիկ գտան, ինչ ասես գտան». - երկու ամիս առաջ իրավապահները խուզարկել էին Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի և դատավորներ Մհեր Պետրոսյանի ու Լուսինե Բոյաջյանի բնակարաններն ու աշխատասենյակները: Թե ինչ անօրինական իրեր են հայտնաբերվել, մինչ օրս հայտնի չէ:
Խուզարկության փաստն օրերս հաստատեց դատավոր Արգիշտի Ղազարյանը, որը, սակայն, փակագծերը չբացեց: Համենայն դեպս, Ղազարյանի աշխատասենյակում խուզարկությունից հետո գլխավոր դատախազը չի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, որ նրան ու մյուսներին զրկեն անձեռնմխելիությունից ու դատավորներին մեղադրյալի կարգավիճակ տան: Այդ խուզարկություններից հետո կալանավորվել էր փաստաբան Արմեն Օհանյանը: Նա ևս մեղադրվում է դատավորի՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Երկամսյա կալանքի տակ գտնվող փաստաբանի պաշտպանն աբսուրդ է որակում ստեղծված իրավիճակը:
«Օժանդակել է, որ դատավորը կաշառք վերցնի: Դատավորի՝ սուբյեկտի չգոյության պայմաններում կաշառքի օժանդակություն չի կարա լինի: Եվ Արմեն Օհանյանի վերաբերյալ գործով դատարանների դատավորներին կաշառք փոխանցելու, պայմանավորվելու որևէ տվյալ չկա: Դատարաններում, աշխատասենյակներում խուզարկություններ են կատարել, ես չգիտեմ նույնիսկ՝ կապված է մեր գործերի հե՞տ, թե՞ չէ, ես չեմ կարա կապ տամ էդ գործերին, որովհետև էդ դատավորների վերաբերյալ որևէ տվյալ չունենք մենք մեր գործով», - ընդգծեց Սուքիասյանը:
Ըստ փաստաբան Հովիկ Սուքիասյանի՝ իր պաշտպանյալ գործընկերն արդեն երկու ամիս է կալանքի տակ է, մեղադրվում է ծանր հոդվածով, բայց գործի մեջ չկա որևէ տվյալ, թե այդ ենթադրյալ կաշառքը կոնկրետ որ դատավորի համար էր: Սա իրավունքի խախտում է, ընդգծում է փաստաբանի պաշտպանը. - «Մեր հնարավոր իրավական գործիքակազմով պայքարում ենք դրա դեմ, տեսնենք արդյունքը ինչ կլինի»:
Փաստաբանների պալատը ևս մտահոգված է գործընկերների մեղադրանքներով: Փոխանցեցին՝ հարցը Պալատի ուշադրության կենտրոնում է՝ հատկապես մասնագիտական գործունեության տեսանկյունից: Իրենք մշտական հաղորդակցության մեջ են նրանց պաշտպանների հետ, ընդգծում են՝ իրենց գործընկերներն անմեղ են, քանի դեռ մեղքն ապացուցված չէ: