Դատարանը որոշել է, որ դիլիջանցի արվեստագետ, դիզայներ Հասմիկ Սողոմոնյանի ընտանիքն իր ձեռքով պետք է ապամոնտաժի իր 8 տարվա տունը: Արվեստանոց դարձած տունը քանդելու պահանջը հարևանինն է: Կողքին՝ Սողոմոնյանները վաղուց կառուցված ավտոտնակը նոր լուծումներով տուն են դարձրել, իսկ հարևանը դիմել է դատարան՝ պնդելով՝ իրենց պատերի խոնավությունն ավելացել է, լուսավորությունն ու տան արժեքը՝ նվազել:
Դատարանները քննել ու 5 տարում երեք տարբեր վճիռներ են կայացրել: Նախ Սողոմոնյանների օգտին, թե Դիլիջանի քաղաքապետարանի տված շինարարական թույլտվությունն օրինական է, տունն էլ քանդելու ենթակա չէ: Հետո՝ վերաքննիչ վարչական դատարանը բեկանել ու բոլորովին ուրիշ վճիռ է կայացրել՝ համարելով, որ պետք չէ քանդել, բայց շինթույլտվությունը պետք է անվավեր ճանաչել: Այս մի որոշման հիման վրա արդեն Սողոմոնյանների հարևանը նոր պահանջ է ներկայացրել քաղաքացիական դատարան, որն օրերս վճռել է, թե տունն ապօրինի է, խանգարում է հարևանին ու որ պետք է քանդվի:
«Եթե չլիներ շինթույլտվություն, իհարկե ես ոչ մի կառուցապատում էլ չէի անի: Բայց այսօր ստացվում է, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ ես հանցագործ եմ», - «Ազատությանն» ասաց Հասմիկի հայրը՝ 70-ամյա Արթուր Սողոմոնյանը:
Նա է մասնակցել բոլոր դատական նիստերին: Տունը փրկելու 5 տարվա ջանքերից հետո ասում է՝ դատարանը պաշտպանել է հարևանի իրավունքները դստեր երիտասարդ ընտանիքի իրավունքների հաշվին. «Պարադոքս կա այստեղ: Ես բարեխիղճ կառուցել եմ, շինթույլտվություն ունեմ: Քանդել է տալիս երկու անչափահաս երեխաների տունը: Բա էս երկու անչափահաս երեխաներն իրավունք չունե՞ն, ես իրավունք չունե՞մ՝ որպես զինվորական թոշակառու, իմ աղջիկն իրավունք չունի՞, 10 տարի Դիլիջանում է աշխատում: Մենք իրավունք չունե՞նք»:
Վերաքննիչ վարչական դատարանը քննության ընթացքում երկու փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում կառուցված տունը ինչ ազդեցություն կարող էր ունենալ հարևան տան վրա, մասնավորապես, սահմանափակվա՞ծ է արդյոք լուսավորությունը, պատերը դրանից խոնավանո՞ւմ են, կամ արդյո՞ք տան արժեքը նվազել է: Դատարանը փորձագետների միջոցով փորձել է պարզել՝ կառուցելիս արդյոք խախտվել է նախագիծը:
Առաջին փորձաքննությունն իրականացրել է պետական «Փորձաքննությունների ազգային բյուրոն», եզրակացրել, որ «նախագծային փաստաթղթերում և փաստացի իրականացված շինությունում շեղում կա»՝ սահմանակից հողամասից պահանջվող 3 մետր հեռավորությունը չի պահպանվել: Բայց, ըստ դատական գործի, փորձագետը չի պատասխանել հարցին՝ ինչպես են այդ խախտումներն ազդել հարևանի ավելի վաղ կառուցված տան լուսավորության, խոնավության ու արժեքի վրա:
Դատարանին չեն բավարարել այս տվյալներն ու արդեն անկախ փորձագիտական կազմակերպությանն է դիմել: Այս դեպքում արդեն եզրակացությունը նորակառույցի սեփականատիրոջ օգտին է:
«Խոնավության առկայություն արձանագրվել է: Դա անձրևաջրերը շենքի տակ լցվելու հետևանքով է, այսինքն՝ անկազմակերպ ջրահեռացման հետևանքով: Հարևան տան կառուցապատումն այդ խոնավեցման հետ որևէ պատճառական կապի մեջ չէ: Դա տվյալ շենքի անձրևաջրերի թափանցման հետևանքով է: Նույնիսկ պատուհանի վերևի թիթեղը կոտրված է», - ներկայացված է եզրակացության մեջ:
Անկախ փորձագետները նաև նշել են, թե նոր տան կառուցումից ոչ թե հարևանի տունն արժեզրկվել, այլ ընդհակառակը՝ «այստեղ ավելի բարենպաստ միջավայր է ստեղծվել»՝ շեշտելով, որ «կառուցապատմամբ ավելացել է հարակից տան գրավչությունը, քանի որ մինչ այդ դրա տեղում ավտոտնակ է եղել, և միայն ազբոշիֆերից տանիքն է տեսանելի եղել»:
Սողոմոնյանների տունը քանդելու պահանջով դատարան հասած Դավիթ Մանուկյանը Ռուսաստանում է ապրում: Իր տանն այս պահին դուստրն ու փեսան են բնակվում: Հրաժարվեցին հարցազրույցից, բայց հնարավորություն տվեցին լինել տանը, տեսնել վիճակն ու խոսել Ռուսաստանում ապրող ծնողների հետ: Նրանք պնդեցին, թե քաղաքապետարանը շինարարական նորմերի կոպիտ խախտումներով է հարևանին շինթույլտվություն տվել:
«Կուխնյայում ընդհանրապես լուսավորության չկա: Երկրորդ հարկի լուսավորությունը փակված է, պատերը խոնավանում են, նույնիսկ դատարանում մենք առաջարկություն արեցինք՝ այդ փոքր հատվածը գոնե քանդեն, իրենք չհամաձայնեցին», - պնդեց հարևանուհին:
Մինչդեռ Հասմիկ Սողոմանյանը ցույց է տալիս՝ հարևանի մատնանշած հատվածում իր արվեստանոցն է, որտեղ արդեն 5 տարի իր ձեռքի աշխատանքներով փոքրիկ բիզնես է անում:
Դատարան դիմած հարևանը պնդել էր, որ եթե այս հատվածը չքանդվի, իր խոհանոց բավարար լույս չի ներթափանցի. «Պատուհանը որ կար, մենք օրվա ամբողջ ընթացքում լույսը վառված չէինք թողնում, որպեսզի խոհանոց մտնեինք»:
Մինչդեռ փորձագետները համարել են, որ «առաջին հարկի պատուհանը սենյակի պատուհան չէ: Դա խոհանոցի մի հատվածն է, իսկ խոհանոցում բնական լուսավորություն կարող է չլինել»:
Սողոմոնյաններն այսօր բարդ իրավիճակում են՝ իրենց տունը քանդելու դատարանի վճիռը ձեռքներին: Իսկ նորակառույցից դժգոհ հարևաններն ասում են՝ գնացել են իրավական ճանապարհով ու մտադիր չեն նահանջել. «Եթե այդ ինստացիաները դատական իրեն չի համապատասխանում, թող նորից բողոքարկեն, եթե իրավացու են»:
Այժմ երիտասարդ ընտանիքը տունը փրկելու ուղիներ է փնտրում: Հասմիկ Սողոմոնյանը, որ այս տանը փոքրիկ բիզնես է դրել ու դրանով ճանաչում գտել, ասում է՝ չի պատկերացնում՝ այսքան դժվարությամբ ստեղծածն ինչպես է հնարավոր սեփական ձեռքերով քանդել: