Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգելու հարցը:
Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Սերգեյ Հարությունյանը փակ նիստից առաջ ասաց՝ հույս ունի, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը «կփոխի սրբազանի խափանման միջոցը»:
Անդրադառնալով Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի գլանակի անհետացման մասին մամուլում հայտնված տեղեկություններին՝ փաստաբանն ասաց, որ այս պահին ինքը որևէ ստույգ տեղեկություն չունի՝ դա իսկապես այդպես է, թե՝ ոչ:
«Կփորձեմ այսօր քննիչներին տեսնելով՝ ճշտել», - ասաց Հարությունյանը:
Իշխանություն-եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավապահները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնվեց ճաղերի հետևում:
Իրավապահները պնդում են 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Գարեգին Երկրորդի մերձավոր շրջապատի բարձրաստիճան հոգևորականը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել:
Դեկտեմբերից կալանավորված Մայր Աթոռի դիվանապետը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը: