Վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից ոչ մեկը չի մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, որ Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Այսօր են հայտարարել ու կոչ արել, որ չեղարկեն այդ որոշումը:
Կառավարության ղեկավարի հետ խորհուրդ ձևավորած տասը հոգևորականները համարում են, որ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր կառույց է: Այս կողմի համար նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ են ժողովը հրավիրել երկրից դուրս: Մայր Աթոռից արդեն հայտարարել են՝ այդպես են որոշել եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները հաշվի առնելով:
Իսկ որ եկեղեցու դեմ ճնշումների ու եկեղեցին պաշտպանող հոգևորականների դեմ շինծու գործերի օրինակները բազմաթիվ են, կասկած չկա, ասում է Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը, որ այդ օրինակների հետքերով գնում է. «Էս մարդու խնդիրը ոչ թե կաթողիկոսի անձն է, այլ եկեղեցին կոտրելը, ջարդելը»:
Առաջին ատյանի դատարանը օրերս բավարարել է նրա դիմումներից մեկը, որ Քննչականը քրեական գործ է հարուցել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ գաղտնալսված հեռախոսազրույցի հիման վրա, բայց չի պարզել այդ ձայնագրությունը օրինական է, թե ոչ:
«Փոխանակ իրենք վարույթ նախաձեռնեն ու այդ հանգամանքներն էլ ստուգեն, որպեսզի օբյեկտիվ լինեն, իրենք արեցին ուղիղ հակառակը՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվեցին, այնուհետև բողոքեցի Գլխավոր դատախազություն, դատախազությունը մերժեց, նոր արդեն, բնականաբար, գնացի դատարան», - նշեց փաստաբանը:
Չորս ամիս առաջ իշխող կուսակցության կայքում՝ «Սիվիկ»-ում հրապարակվեց Նաթան սրբազանի ու կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցը, որ 2023 թվականի պատմություն է: Աբեղան դժգոհում է կաթողիկոսից, որ իրեն տնից հեռու մի մատուռում է ծառայության նշանակել ու հընթացս էլ ասում, թե կաթողիկոսն իրեն ասել է՝ ինչո՞ւ ընտանիքիդ հետ Նիկոլ Փաշինյանի դեմ միտինգին չես մասնակցում:
Իշխանական «Սիվիկ»-ում հայտնված այս հեռախոսազրույցի հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվում՝ իշխանական ազդեցությունն օգտագործելով հավաքին հարկադրելու հոդվածով: Բայց որ այդ ձայնագրությունը կատարվել է գաղտնիության իրավունքի խախտումներով, ապօրինի, դա Քննչականին չի հետաքրքրել, ասում է Զոհրաբյանը: Փաստաբանը դիմել էր ՔԿ, որ վարույթ հարուցեն ու պարզեն՝ ո՞վ է խախտել գաղտնիության իրավունքն ու ինչպե՞ս է հայտնվել «Սիվիկ»-ում, մերժել են:
«Նրանց դեմ որևիցե բամբասանք շատ արագ դառնում է քրեական վարույթի հարուցման նախաձեռնման առիթ ու հիմք», - նշեց Զոհրաբյանը:
Փաստաբանն ասում է՝ այս գործով վկա Նաթան սրբազանն էլ հարցաքննության ժամանակ ասել է, որ ապօրինի ձայնագրություն է, բայց քննիչը հաշվի չի առել այդ ցուցմունքը:
Առաջին ատյանի դատարանը բավարարել է Զոհրաբյանի դիմումը և պարտավորեցրել, որ Քննչականը վարույթ նախաձեռնի Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը ապօրինի խախտելու դեպքով: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս որոշումը բողոքարկելու են վերաքննիչում:
«Իշխանափոխությունից հետո, իսկ դա լինելու, թող Ադոլֆ Հիտլերից ուժեղ չզգա իրեն Նիկոլ Փաշինյանը, դա լինելու է, բնականաբար, ժամանակի հարց է, այն մարդիկ, ովքեր այսօր ատամներով ներգրավված են եկեղեցու դեմ պայքարի մեջ, հենց իրենք են ցուցմունքներ տալու այդ վերադասների նկատմամբ, իրենք են փորձելու արդարանալ», - նշեց Արա Զոհրաբյանը:
Որ իրավապահ համակարգը միակողմանի է քննում եկեղեցուն առնչվող գործերն ու աչք փակում եկեղեցու դեմ օրինախախտումների վրա, փաստաբան Զոհրաբյանը օրինակներով է պնդում: Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը խոչընդոտել է կրոնական ծեսերը, որ Քրեական օրենսգիրքով հանցանք է, հիշեցնում է փաստաբանը: Բայց ՔՊ-ականի վերաբերյալ Քննչականում ու Գլխավոր դատախազությունում որևէ վարույթ մինչ օրս հարուցված չէ:
«Այսօր իշխանության ներկայացուցիչները կամ նրանց մոտ կանգնած անձինք իրենց հակաեկեղեցական և Քրեական օրենսգրքով արարքներ կատարելիս գտնվում են պետական մարմինների հովանավորության ներքո: Մենք իրենց բոլոր արարքները արձանագրում ենք և պատշաճ հաղորդումներով ընթացք ենք տալու», - ասաց փաստաբանը:
Չնայած փաստաբանների ահազանգերին՝ վարչապետ Փաշինյանը պնդում է՝ ինքն ու իրեն միացած հոգևորականները բարենորոգում են եկեղեցին: