Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թույլտվությունից հետո իրավապահները գիշերը ձերբակալեցին Անդրանիկ Թևանյանին:

ԿԸՀ-ն մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։

Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլևս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները:

Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական։

Դատարանի բակում Թևանյանի նկարներով պաստառները վեր պահած նրա աջակիցները կարճ ակցիա անցկացրին՝ պահանջելվ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

Փաստաբան Արամ Օրբելյանն այսօր ասաց. «Փորձում ենք հասկանալ՝ ինչն են դրել պետական գաղտնիքի տակ: Չկան ոչ խափանման միջոց կիրառելու, ոչ էլ մեղադրանքի հիմքեր»:

«Ամեն դեպքում, ո՛չ մեղադրանքի նկարագրությունը, ո՛չ նյութերը մենակ դավաճանության չէ, որևէ այլ քրեական հոդվածի հանգամանք չկա, ինչի մեջ մեղադրում են՝ բոլորը, բոլոր լրագրողները դրա տակ անցնում են: Չի կարելի անձին ձերբակալել, երբ չունես բավարար ապացույցներ»,- շեշտում է Թևանյանի փաստաբանը:

Նրա խոսքով՝ մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել, փոխանցել չկա. «Չեն ասում չկա, ասում են՝ ինչ-որ գրած ա, ասում ենք՝ գրածի մեջ գրված չի, ասում են՝ դե ինչ-որ գրած ա, մի պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ մեղադրում եք էս մարդուն, որ պետական գաղտնիք է փոխանցել, կարդում ենք՝ այլ տեղեկություններ է փոխանցել, ասում ենք՝ սրանցից ո՞րն է պետական գաղտնիք, ասում է՝ պետական գաղտնիք չենք պնդում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թևանյանի փաստաբանը:

Քննչականը հակադարձում է՝ ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

XS
SM
MD
LG