Մատչելիության հղումներ

Դատարանը հաստատեց, որ Արշակ սրբազանի գործով ապացույց թմրամիջոցը կորել է

Արմավիրի դատարանում մեկնարկեց Մայր Աթոռի դիվանապետի դատավարությունը:

Դատարանը հաստատեց, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է՝ նշելով՝ հարուցվել է պաշտոնական անփութության հոդվածով քրեական գործ: Մարիխուանայի գլանակը կորել է Արմավիրի քննչականում:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը կասկածներ հայտնեց՝ գուցե ծխել են:

«18 թվականին քրեական գործ է հարուցվել, այդ քրեական գործը քննվել է, հետո կարճվել է, 2025 թվականին վերստին բացվում է այս քրեական գործը: Այն ժամանակ ինձ էլ հարցաքննել են, որպես վկա եմ հանդես եկել, հետո 25 թվականին բացվեց, պարզվեց մեղադրյալը ես եմ, ու դա ուղեկցվում է եկեղեցու դեմ տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ», - դատական նիստից հետ ասաց Արշակ սրբազանը:

«Մեր համար էական չէ՝ թմրամիջոց եղել է, թե չի էլ եղել, մեր պնդումն է, որ Արշակ սրբազանին վերագրվող գործողությունները իր կողմից չեն կատարվել», - նշեց փաստաբաններից մեկը:

Դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Սրբազանի փաստաբանները դատավորին բացարկ հայտնեցին. Գևորգ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչականում, և, թեև այս պահին չկան օբյեկտիվ տվյալներ դատավորի՝ կաշկանդված լինելու մասին, բայց փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, հետագայում չի բացառվում դա։

Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և հայտնեց ինքնաբացարկ:

3-ամսյա կալանքից հետո Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը բանտից ազատ արձակվեց այս ամսվա սկզբին: Նրան դեկտեմբերին ձերբակալեցին, ապա կալանավորեցին յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով:

Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ քննչականի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:

Եթե բարձրաստիճան հոգևորականին վերագրվող թմրամիջոցի իրացման գործը քննեցին երեք ամսում ու ուղարկեցին դատարան, ապա նույն Քննչականն ամիսներ շարունակ քննում է բարձրաստիճան հոգևորականին վերագրվող ինտիմ տեսանյութի գործը, ոչ մեղադրյալ կա այդ գործով, ոչ էլ մինչ այս պահը պարզ է դարձել, թե ով կամ ովքեր են փորձել արատավորել հոգևորականի բարի համբավը, ատելություն սերմանել նրա հանդեպ: Քննությունն ընթանում է անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի խախտման հոդվածով, մինչդեռ սրբազանը պարբերաբար պնդում է՝ ինքը չէ այդ տեսանյութում, այդպես փորձել են վարկաբեկել իրեն:

Արշակ արքեպիսկոպոսից բացի, մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս 10 բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Եթե նայենք ժամանակագրությանը, իրավապահները նրանց բոլորին մեղադրանք են առաջադրել այն բանից հետո, երբ անցած տարի վարչապետ Փաշինյանը սկսեց պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը:

«2000 տարի գոյատևելուց, ապրելուց, էս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել: Հիմա խոսվում է հիբրիդային հարձակումների մասին, հիմա եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններն են ավելի շատ ինձ հուշում հիբրիդային պատերազմի մասին», - նշեց Արշակ արքեպիսկոպոսը:

ԱԺ-ն փոփոխեց Հողային օրենսգրքի՝ Հայ առաքելական եկեղեցուն առնչվող հատվածը

Իշխանություն - եկեղեցի այս լարվածության ֆոնին այսօր էլ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ու փոփոխեց Հողային օրենսգրքի՝ Հայ առաքելական եկեղեցուն առնչվող հատվածը: Ըստ այդմ, այսուհետ պետությունը եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի, դրանք կտրվեն միայն անհատույց օգտագործման իրավունքով:

Մինչ իշանությունները պնդում են, որ այստեղ միտում չկա, Արշակ սրբազանն ասաց. «Միտում չտեսնելու համար շատ մեծ կուրություն է պետք: Պարզ է՝ հերթական ռեպրեսիան է, ի՞նչ է նշանակում եկեղեցին չի կարող սեփականության իրավունքով հողեր ստանալ, երբ այդ եկեղեցիները, որոնք կառուցվեցին, պատմական սեփականությունն են եկեղեցու: Հետխորհրդային մի շարք երկրներում փոխհատուցման օրենք է ընդունվել, երբ խորհրդային իշխանության տարիներին եկեղեցուն հասցված վնասների համար փախհատուցում է տրվել, մինչև հիմա վրաց եկեղեցին այդպիսի փոխհատուցում է ստանում»:

Մինչ այս, պետության հողերը Մայր Աթոռին էին հատկացվում սեփականության իրավունքով՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:

Իշխանությունը վստահեցնում է, որ օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը, այդպես բարձրացնելու են հողերի օգտագործման արդյունավետությունը:

Թե երբ կլինի հաջորդ դատական նիստը, դեռևս պարզ չէ:


XS
SM
MD
LG