Մատչելիության հղումներ

Դատախազը դատարանում պահանջեց մոտ 4 մլրդ դրամ բռնագանձել Սերժ Սարգսյանից


Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվեց երրորդ նախագահի և մյուսների դատավարությունը։ Սա երկրորդ դատական նիստն է։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի գործարքի համար, որը կատարել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ըստ մեղադրանքի՝ նա Իսակովի պողոտայի տարածքում գտնվող հողամասերը վաճառել է շուկայականից բավականին ցածր գնով։

Դատախազ Գորիկ Հովակիմյանը գույքային հայց ներկայացրեց Սերժ Սարգսյանի և մյուս մեղադրյալների դեմ։ Ընդհանուր առմամբ 4 միլիարդ դրամից ավելի գնահատեց պետությանը պատճառված վնասը։

«Հայաստանի Հանրապետությանը չեն վերադարձվել 2009 թվականի փետրվարի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաճառված հողամասը, որի մասով պետությանը պատճառված վնասը կազմում է 116 միլիոն 202 հազար 743 դրամ։ Չի վերադարձվել նաև 2009 թվականի փետրվարի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին վաճառված 0,592 հա մակերեսով հողամասը, որի մասով պետությանը պատճառված վնասը կազմում է 7 միլիոն 537 հազար 614 դրամ», - ներկայացրեց դատախազը։

Նախկին նախագահի փաստաբանները նշեցին, որ իրենց ժամանակ է հարկավոր, որպեսզի ծանոթանան այդ պահանջին, և դրա վերաբերյալ ըստ էության տեսակետ չհայտնեցին։ Փաստաբան Ամրամ Մակինյանը միայն նեղսրտեց, թե դատախազն իր ելույթում բազմիցս ընդգծել է «հանցակից» բառը, ինչը, ըստ նրա, խախտում է անմեղության կանխավարկածը։

«Լրատվական միջոցներում անընդհատ 777 հազար անգամ լսվելու է հարգելի հանրային մեղադրողի՝ հանցակիցներ, հանցավոր գործողություններ, հանցավոր սխեմա, հանցավոր, հանցավոր, հանցավոր, հանցավոր։ Չի կարելի, որովհետև այդ ընկալումը կարող է ստեղծվել։ Դա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է: Պատվարժան դատարան, դիմում եմ Ձեզ, որ Ձեր վարույթում քննվող քրեական գործով անթույլատրելի լինի հաստատված փաստերի մասին խոսելը «հանցավոր» բառի ցանկացած վերաձևակերպմամբ, քանի դեռ դատարանը այդպիսի որոշում չի կայացրել, քանի դեռ այդպիսի որոշումը օրինական ուժի մեջ չի մտել», - ընդգծեց Փաստաբանը։

Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը շատ կարճ որակում տվեց դատախազների ներկայացրած պահանջին. «Հիմարություն է»:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենը արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա Երևանին» փոխանցելու համար։ Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին։

Երրորդ նախագահն անցնում է մի քանի գործով ևս։ Առաջինը վառելանյութի գործն է, որով առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել էր, բայց վերաքննիչը բեկանել էր այդ որոշումը և հետ ուղարկել քննության: Մյուս գործն առնչվում է կաշառք ստանալուն, որը հարցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա: Որևէ գործով Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում:


XS
SM
MD
LG