Դաշնակցությունից ու Հայ ազգային կոնգրեսից հակադարձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից Հայաստանում եղել է ընդամենը մեկ կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը։
«Եղել է իսկական Հայ հեղափոխական դաշնակցություն Հայ հեղափոխական դաշնակցություն, բայց եղել է ՀՀՇ Հայ հեղափոխական դաշնակցություն, ԱԺՄ Հայ հեղափոխական դաշնակցություն, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հայ հեղափոխական դաշնակցություն, այսինքն, Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո», - նշել է վարչապետը:
Այս եզրահանգումով վարչապետ Փաշինյանը կիսվեց իր առաջ քաշած «իրական Հայաստանի» թեզը նաև ֆրանսահայերին ներկայացնելիս։ Ըստ Փաշինյանի՝ այդ միակ գաղափարախոսությունը հետևյալն է եղել՝ Հայաստանը հենման կետ է՝ ավելի բարձր ազգային նպատակներին հասնելու համար: Տրանսֆորմացիայի արդյունքում հիմա իշխող ՔՊ-ն ասում է՝ ոչ, ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չկա։ Ու, ըստ վարչապետի, հենց այս փոխակերպման հաջողությունից է կախված ՀՀ-ի լինելիությունը։
«Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կմ-ով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը: Ուրիշ նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ չի դնում», - հայտարարել է վարչապետը:
90-ականներին Հայաստանում իշխած ՀՀՇ-ի գաղափարախոսությունը պահանջատիրության մերժման վրա է եղել հիմնված, հայտարարում է առաջին նախագահի մամուլի խոսնակ, այժմ Տեր - Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մենք կռվեցինք մեր մտավորականության հետ, մենք կռվեցինք մեր սփյուռքի հետ, ավանդական կուսակցությունների հետ, այսինքն, դա մեզ համար ոնց որ գլխավոր մեխը լիներ հայդատականության մերժումը, որպես կարևորագույն հիմք, որի վրա կարելի է կառուցել Հայաստանի կայացումը: Հենց էդ պահանջատիրական, հայդատական արկածախնդրության մերժումն էր, որ թույլ տվեց մեզ համարժեք ձևով ձևակերպել մեր պայքարի նպատակները, աշխարհի համար հասկանալի դարձնել ղարաբաղյան ժողովրդի ազատագրման պայքարն ու հասնել հաղթանակի, արդեն 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովողում աշխարհն, ըստ էության, ընդունեց Լեռնային Ղարաբաղին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ահա այս մոտեցման մերժումն էր, որ բերեց մեր բոլոր կորուստներին», -նշեց Զուրաբյանը:
Դաշնակցությունն ու ՀՀՇ-ն գաղափարական պայքարի մեջ են եղել, Գեղամ Մանուկյանն է հաստատում:
«Հայաստանի անկախության առաջին իսկ պահից երկրի կառավարման՝ սոցիալ-տնտեսականից մինչև արտաքին քաղաքական, արմատական տարբեր ուղղությունների քաղաքական պայքար է եղել: Իրական քաղաքական պայքար է եղել և ոչ թե այսօրվա իշխանությունների ապագաղափարական, ադրբեջանական և թուրքական պահանջներն ամեն րոպե կրկնող ոչ քաղաքական պայքար, որը Նիկոլ Փաշինյանը այս երկրում վերածել է ոստիկանական բռնատիրության», - ասաց Մանուկյանը:
Փաշինյանն իր մեղավորությունն ուզում է գցել բոլորի վրա, ըստ Զուրաբյանի, ահա այս հայտարարությունների իրական նպատակը. - «Նա է, որ իրականում պետական մակարդակով բարձրացրեց, այսպես կոչված, Արարատի խոսույթը, նա է, որ այն ժամանակ խոսեց Սևրի պայմանագրի իրականացման համար, շատ ավելի ոչմիթիզական արկածախնդրական դիրքորոշում ունեցավ, քան այն, ինչ անում էր Դաշնակցությունն իր պահանջատիրական օրակարգով: Բայց քանի որ նպատակ է դրել իր առջև՝ պատասխանատվությունից խուսափելու, իր մեղավորությունը մաքրելու, գտել է այս ձևը, որ այդ կործանարար գաղափարախոսության համար, որ ինքը դավանել է, պատասխանատվություն պետք է կրի ոչ թե ինքը, այլ բոլորը»:
Ըստ Գեղամ Մանուկյանի էլ՝ նաև Բաքվին գոհացնելու համար են Փաշինյանի հայտարարությունները: Ադրբեջանից պարբերաբար մեղադրում են Հայաստանին, ռևանշիստական տրամադրությունները զսպելու կոչ անում:
«Փաշինյանը հիմա նոր քարոզչական թեզով փորձելու է հող նախապատրաստել ու չի բացառվում, որ այդ նախապատրաստած հողի արդյունքում մի օր տեսնենք կոնկրետ Դաշնակցության կամ որևէ այլ կուսակցության կասեցում», - ընդգծեց Մանուկյանը: