Մատչելիության հղումներ

Դարի բացահայտո՞ւմ, թե՞ դարի խայտառակություն. ինչպե՞ս է Քննչականից դուրս բերվել 590 հազար դոլարը


100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Ռետինե դիմակով, ակնոցով, բժշկական ձեռնոցներով, վերելակի վրայից հետքերը մաքրող տղամարդը, որ մի ամբողջ գիշեր անցկացրել էր Քննչական կոմիտեում, իսկ վաղ առավոտյան իրավապահների հենց աչքի առջև շենքից դուրս բերել 590 հազար դոլար գումար, բացահայտվել ու ձերբակալվել է։ Դետեկտիվ հիշեցնող այս պատմությունը երեկ տեսանյութով ներկայացրել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում էլ քննիչն ու ոստիկանության աշխատողն էին պատմում օրեր առաջ տեղի ունեցած գողության ու բացահայտման մանրամասները.

«Մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրազի փողոցից հայտնաբերվել, ձերբակալվել և իր ա/մ-ով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե»:

«Խումբը նախօրոք արդեն պլանավորված ձևով իրականացրել է հանցանքը»:

Գողության գլխավոր դերակատարներից մեկը բարձրաստիճան իրավապահ է: Ըստ Հակակոռուպցիոնի քննիչ Արման Խաչատրյանի՝ գողությունը կազմակերպել էր Քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։ Դիմակավորված տղամարդն էլ Էդգար Գրիգորյանն է, որն, ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-10–ի զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալներից է։ Երկուսն էլ կալանավորված են։

«Հանցավոր համաձայնության են եկել նշված գումարը հափշտակելու նպատակով»:

Տեսանյութում մանրամասն պատմում են՝ ինչպես է Գրիգորյանը շենքում մնացել 16 ժամ, դուրս գալուց հետո գողացած միլիոնները մի քանի մասի է բաժանել, հետո տարբեր մարզեր այցելել, ապա՝ գնացել տուն։ Ու մինչ իրավապահներն այս ամենը ներկայացնում են որպես դարի բացահայտում, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այլ ձևակերպում ունի կատարվածին. - «Ականատես եղանք և՛ դարի խայտառակությանը, և՛ դարի բացահայտմանը, ինչպես իրենք կասեին»:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ սա հնարավոր է, երբ համակարգը չի աշխատում։ Կարապետյանցը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող էր դիմակավորված մարդն աննկատ մտնել ու անխոչընդոտ դուրս գալ մի հաստատությունից, որտեղ մանրազնին ստուգում են յուրաքանչյուր այցելուի.

«Արտաքինի ճշտում, փաստաթղթերի ճշտում, պայուսակի զննում ու բազմաթիվ այլ զննումներ ու քննումներ ես անցնում, մինչև կարողանում ես բարձրանալ: Էդ պայմաններում ակնհայտորեն սիլիկոնե դիմակ հագած մարդը, ինչ-որ անորոշ շարժումներով, փաստացի անծանոթ, որովհետև դժվար թե ոստիկաններին հեթապահ ծանոթ լիներ դիմակը, կամ մոտավորապես ինչ-որ մեկի դիմակն է գուցե եղել, ում իրենք անձնապես շատ լավ ճանաչում են, դա է պատճառը եղել չկանգնեցնելու ... այսինքն՝ ամեն հաջորդ էտապում, տեսեք՝ հաջորդ էտապով մենք ունենում ենք տեսարան, որտեղ, այսինքն՝ ինֆորմացիա, որտեղ մարդը 4:40-ից, 4:30-ից նստած է եղել մինչև աշխատանքային ժամի ավարտը միջանցքում՝ բազկաթոռին, ու որևէ մեկի մտքով չի անցել հարցնել ժամուկես, հետո, աշխատանքի ավարտից հետո մարդը ինչ-որ մի տեղ կորում է էդ տարածքում, ու որևիցե մեկի մտքով չի անցնում գնալ, փնտրել, տեսնել՝ ավելորդ մարդիկ կա՞ն տարածքում, թե՞ չկան, որևէ մեկի մտքով չի անցնում աշխատանքային ժամից շուտ՝ 8:30 շենքից դուրս եկող մարդուն կանգնեցնել հարցնել՝ «ո՞վ ես դու» ... »:

Համեմատական է տանում այլ գործերի հետ. ինկոգնիտո հանցագործին այդպես արագ բացահայտած Քննչականում շատ ավելի ակնհայտ հանցագործներին նույնքան արագ չեն գտնում։

«Այսինքն՝ էս կարգի անտարբերություն ես շատ դժվար եմ պատկերացնում: Ամենայն հավանականությամբ, կարող են լինել նաև այլ դերակատարներ, որոնք որ չտեսնելու են տվել, չլսելու են տվել, կամ խոսքը գնում է տոտալ (ան)ձեռնհասության մասին՝ մենք գործ ունենք բացարձակ անձեռնհասության՝ սկսած ներքևի պահակից, վերջացրած աշխատակազմի հետ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Կարապետյանցը:

590 հազար դոլարը քրեական գործով իրեղեն ապացույց էր, որ պահվում էր Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանում, որի բանալին էլ էր կորել: Հանրային հեռուստաստեսության տեսանյութից հայտնի է դառնում, որ այդ գումարը մոտ մեկ տարի պահվել է կոմիտեում, մինչդեռ օրենքը ենթադրում է, որ պետք է տեղափոխվեր հատուկ հաշիվ կամ դեպոզիտարիա՝ բացառելու չարաշահումների ռիսկը։ Ինչո՞ւ է գումարը մեկ տարի մնացել չհրկիզվող պահարանում, Քննչական կոմիտեից այս հարցի պատասխանը չեն տալիս։

«Ակնհայտորեն, էս գումարը չի ենթադրվել, որ ինքը որևէ գործով անցնելու է, ենթադրվել է, որ ինչ-որ պահի մարդիկ հոգնելու են էդ գումարը ուզելուց, կամ հույսները կտրելու են էդ գումարը ուզելուց, կամ այլ ինչ-որ գործողություն է լինելու, որի արդյունքում կարելի կլինի, հնարավոր կլինի տենց չեզոքացնել էդ գումարը, ինչպես, օրինակ, թմրանյութերի հետ՝ ժամանակին խոսակցություն էր գնում, որ թմրանյութերը շատ պատահական չէին գրանցվում էն քանակով, որը որ հայտարարվել էր ի սկզբանե», - նշեց իրավապաշտպանը:

Սա նորարարություն չէ, բայց հին համակարգը, Կարապետյանցի կարծիքով, թերևս ձեռնտու է նաև հեղափոխական իշխանություններին։

«Մեր իշխանության օրոք երբ որ տենց բան է արվում, էդ մարդը բռնվում է, իսկ նախկին իշխանությունների օրոք էդ բանը անում էին և չէին բռնվում». - Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր այսօր լրագրողների հետ զրույցում գնահատական տալիս իրավապահների գործողություններին՝ ընդգծելով, որ պետությունը չի համագործակցել հանցագործների հետ, այլ բռնել է նրանց։

«Կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են, և բռնվել են», - ասաց ԱԺ նախագահը:

«Պարոն Սիմոնյան, մինչև հայտնաբերելը և վերադարձնելը գումարը էդ գումարը շենքից տարել են՝ ամենակարևոր մասը էդ է», - հակադարձում է նինա Կարապետյանցը:

Ի դեպ, 590 հազար դոլարից 11 հազար 200-ը դեռ չի հայտնաբերվել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG