Լոռու ՔՊ-ական մարզպետները 6 տարվա տարբերությամբ նույնաբովանդակ հայտարարություններ են արել: Երկու դեպքում էլ խոսում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից իր պաշտոնավարման տարիներին քաղաքի մանկապարտեզները, մշակույթի կենտրոնները, արտադրական, անգամ պատմական հուշարձան հանդիսացող տարածքներն իր ու իր մերձավորների անունով սեփականացնելու տասնյակ դեպքերի մասին:
«Այն հատվածները, որոնք գողացվել են համայնքից և վանաձորցիներից, պետք է վերադարձվեն, այդ գործընթացը մենք հիմա, կարելի է ասել, սկսել ենք», - տարիներ առաջ ասել է Անդրեյ Ղուկասյանը:
«Ես հնարավորն անելու եմ, որ մեր քաղաքացիներից յուրացրած գույքը...», - նշել է գործող մարզպետ Արեն Մկրտչյանը:
Հեղափոխությունից հետո Լոռու բոլոր չորս ՔՊ-ական մարզպետների օրոք պարբերաբար հրապարակվել է Դարբինյանների յուրացրած գույքը: Անցած շաբաթ Լոռու նորանշանակ մարզպետն այդ բավականին երկար ցանկը հրապարակեց խորհրդարանի ամբիոնից. «Բաթումի 1 հասցե՝ մանկապարտեզի շենք, Բաթումի 10՝ մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1/4՝ մանկապարտեզ, Աճառյան 6՝ մանկապարտեզ»։
Դեռ 2018-ին մարզի ղեկավարումն ստանձնած Անդրեյ Ղուկասյանն էր այս ցանկը դատախազություն ուղարկել: Կարճ ժամանակ անց արդեն ակտիվ քրեական վարույթներ էին հարուցվել: Նախկին քաղաքապետին մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի ու ապօրինությունների մեջ: Մինչդեռ երկու տարի անց՝ պաշտոնից հեռանալիս, Անդրեյ Ղուկասյանը միայն արձանագրեց, որ իր բարձրաձայնած ապօրինի գույքի խոստացված վերադարձը դանդաղում է:
Թե ինչու ոչ միայն դանդաղեց, այլև կա՛մ նախաքննության, կա՛մ էլ դատաքննության ընթացքում դրանք կարճվեցին, անցած 7 տարիներին իշխանություններից որևէ խոսք չեղավ, բայց այսօր էլ ներկայիս մարզպետը մեղադրանքների սլաքն ուղղում է նախկին իշխանություններին՝ կոշտ որակումներով:
«Դուք 20 տարի մնացել եք ժողովրդի կոկորդում։ Դուք քաղցկեղի պես կերել եք մեզ ներսից։ Դուք կապ չունեք ոչ մեր երկրի, ոչ մեր ժողովրդի հետ։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մանկապարտեզի գողեր եք։ Դուք մշակույթի տների գողեր եք։ Դուք զբոսայգիների գողեր եք», - հայտարարել է Մկրտչյանը։
Հանրապետականների օրոք 17 տարի Վանաձորը ղեկավարած Սամվել Դարբինյանն իր որդու և եղբոր անունով սեփականացրել է անգամ քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակի մաս կազմող երկու հատվածներ՝ մարզպետարանի աջ ու ձախ կողմերը: Չնայած նաև սա էր ներառված դեռ 2019-ին հարուցված ու դատարան հասած քրեական գործում, բայց այն երկու տարի անց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվեց: Իրավապահները մեկնաբանեցին, թե նախկին քաղաքապետն ընդունել է իր մեղքը և համաձայնել կարճել գործը:
Ուստի, քաղաքապետարանը դատական գործ սկսեց համայնքին վերադարձնելու պահանջով, բայց անգամ դատերին չէր ներկայանում: Ի վերջո Դարբինյանների սեփականացրած գույքը վերադարձնելու մի անհաջող փորձ էլ եղավ՝ հայցը մերժվեց:
Հանրապետական կուսակցության գրասենյակ դարձած մանկապարտեզի, սուպերմարկետ դարձած մշակույթի կենտրոնի և Դարբինյաններին պատկանող շինարարական ընկերությունների անորակ ճանապարհաշինության գործերով քրեական վարույթներն էլ դեռ նախաքննության ընթացքում կարճվեցին՝ հանցանք չէին գտել:
Սամվել Դարբինյանը չնայած տարբեր քրեական գործերով էր անցնում, բայց միաժամանակ նրա ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը Լոռիում միլիարդների հասնող պետական ու համայնքային ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում: Ապօրինի ծագմամբ գույքի պահանջ դատախազությունը ներկայացրեց միայն անցած տարեվերջին:
Այժմ հակակոռուպցիոն դատարանը գրեթե մեկ տարի քննում է Դարբինյանների, այդ թվում՝ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի գույքի օրինականությունն այն դեպքում, երբ նախորդ տարիներին Դարբինյաններն արդեն հասցրել են դրա մի մասը վաճառել:
Մինչդեռ իշխանականները բարձր ամբիոններից ու հարցազրույցներում շարունակում են պնդել՝ հետ են բերելու ապօրինի գույքը:
Այս տարի մի ուրիշ քրեական վարույթով էլ դեռ տարիներ առաջ փակված գործ վերաբացեցին՝ Վանաձորի մաքրման կայանի գործը: Դարբինյանը կալանավորվեց, բայց կարճ ժամանակ անց ստորագրությամբ ազատ արձակվեց: Թե սրանք ինչ ճակատագիր կունենան՝ հայտնի չէ: