Այսօր Վանաձորի դատարանում հենց դատական նիստի ընթացքում դանակահարություն է տեղի ունեցել: Նիստին ներկաներից մեկը դանակահարել է սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալին ու դիմել փախուստի:
Կրծքավանդակի շրջանում դանակի հարվածից վիրավորված ամբաստանյալը քիչ առաջ վիրահատվել է: Բժշկական կենտրոնից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ նրա վիճակն այժմ կայուն ծանր է:
«Ազատության» տեղեկություններով՝ դատական նիստը վերաբերել է մեկ տարի առաջ Լոռի բերդում տեղի ունեցած դաժան սպանությանը: Անցած տարվա ամռանը Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հայտնաբերել էին ավելի վաղ սպանված ու տևական ժամանակ փնտրվող երիտասարդի մարմինը։ Իրավապահ մարմինը պարզել էր, որ «2024-ի հուլիսի 9-ին 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և վերջինիս եղբայրը, գտնվելով Լոռի Բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ստեփանավան քաղաքի բնակիչ Հ. Մաղաքյանին, ապա վերջինիս դին Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են այլ վայրում»: «Կատարված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաք մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել», - հաղորդել էր Քննչական կոմիտեն։
Դիակը հայտնաբերվել էր երեք ամիս անց:
Սպանության մեջ կասկածվող 4 անձինք հայտնաբերվել ու կալանավորվել էին: Նրանք մեղադրվել են Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանության, իսկ անչափահաս անձը՝ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար:
Այսօր դատական նիստի ընթացքում դանակահարվածը նրանցից մեկն է եղել: Դեռևս հնարավոր չի եղել պարզել դանակահարողի ինքնությունը, արդյո՞ք նա կապ է ունեցել անցած տարի սպանված երիտասարդի հետ: