Իրանամետ զինված խմբավորումների զգալի մասը Դամասկոսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո լքել է Սիրիան, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ), վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ երբ ընդդիմությունը Դամասկոսում գրավեց իշխանությունը, հազարավոր իրանամետ զինյալներ դեռ Սիրիայում էին, ավելի ուշ, սակայն, իրանամետ հիմնական ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները, տեղափոխվել են Իրաքի Ալ-Քաիմ քաղաք՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։
Արևմտյան դիվանագետները նշել են, որ նահանջի ժամանակ իրանցի զինվորականներն ու դաշնակիցները Սիրիայում մեծ քանակությամբ զենք ու ռազմատեխնիկա են թողել, որը կա՛մ Իսրայելն է մասամբ ոչնչացրել, կա՛մ Սիրիայի դե ֆակտո ղեկավար, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն է առգրավվել։
ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի գնահատմամբ, Սիրիան այժմ «թշնամական տարածք» է Իրանի համար։
Վաշինգտոնում իրանցի և իրաքցի դիվանագետները չեն մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այս հայտարարությունները։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան (Մոհամադ ալ-Ջուլանի) անցած դեկտեմբերին հայտարարեց, որ Սիրիայից իրանամետ ուժերի դուրսբերումը «40 տարով հետ շպրտեց Իրանի տարածաշրջանային նկրտումները»։ Միաժամանակ, ըստ ալ-Շարաայի, Սիրիայից Իրանի դուրս գալը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։
The Wall Street Journal-ը նշում է, որ Սիրիան մեծ դեր է խաղացել Իրանի քաղաքականության համար․ իսլամական հանրապետության ղեկավարները Սիրիայի տարածքով զենք են ուղարկել Լիբանանի արմատական «Հեզբոլա» խմբավորմանը և որ Իրանը հնարավորություն ուներ իր զինված ուժերը տեղակայել Իսրայելի տարածքին մոտ։
ԱՄՆ-ը, սակայն, մտահոգություն ունի, որ Թեհրանը կարող է փորձել օգտագործել իր հին լծակները՝ ազդելու սիրիական նոր ղեկավարության ուղու վրա, հատկապես, որ Սիրիայում իրավիճակը դեռ կայուն չէ։