1948 թվականի մարտի 10-ի առավոտյան ժամը 6:15 Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարության դռնապանն առաջինն էր, որ շենքի բակում գտնվող դիակը հայտնաբերեց: Մահացածի հագին ննջազգեստ էր, դեմքը՝ դեպի վեր, ոտքերը՝ շենքի ուղղությամբ, հաղորդել էր չեխական ոստիկանությունը: Մահացած տղամարդը Յան Մասարիկն էր՝ Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարը, երկրի հիմնադիր նախագահի՝ Թոմաշ Մասարիկի որդին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Գերմանիան օկուպացրեց Չեխոսլովակիան, Մասարիկը Լոնդոնից՝ որպես վտարանդի կառավարության նախարար, BBC-ի ռադիոյով ուղերձներ էր հղում Չեխոսլովակիայի ժողովրդին: Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել էր հայրենիք, և միակ անկուսակցական նախարարն էր մնացել կոմունիստ Գոտվալդի կաբինետում։
Նրա մահվանից 77 տարի անց Չեխիայում դեռ միանշանակ պատասխան չունեն Սառը պատերազմի առանցքային այս դրվագի վերաբերյալ, որը տեղի ունեցավ, երբ կոմունիստները զավթեցին իշխանությունը Չեխոսլովակիայում և ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
ԽՍՀՄ տարիներին և դրանից հետո Չեխիայի իշխանությունները, պատմաբանները առնվազն չորս պաշտոնական փորձ են արել՝ պարզելու՝ Մասարիկը ինքնասպանությո՞ւն է գործել, պատահաբա՞ր է ընկել, թե՞ գուցե նրան հրել են։ Եթե, այո, ո՞վ էր կանգնած այդ սպանության հետևում։ Չեխոսլովակիայի կոմունիստնե՞րը։ Խորհրդային Միության գաղտնի ոստիկանությո՞ւնը։ Լոյալիստնե՞րը, ովքեր կարծում էին, որ նա դավաճանել է հայրենիքին:
Տասնամյակների քննարկումներից հետո՝ այս տարվա հունվարի 10-ին Չեխիայի ոստիկանությունը զարմացրեց չեխերին, հայտարարելով, թե նոր քննություն է սկսում Մասարիկի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Որպես պատճառ ոստիկանությունը նշեց՝ «կան կասկածներ, որ տեղի ունեցածը սպանություն էր»։
Ըստ ոստիկանության,գործի վերաբացման հիմքում մասամբ նաև այն տեղեկություններն են, որ ստացվել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների՝ տասնամյակների վաղեմության դիվանագիտական հեռագրերից։ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունում ասել են, որ այդ հեռագրերը նրանք ձեռք են բերել անցյալ տարի: «Ազատություն» ռադիոկայանը ևս ուսումնասիրել է այդ հեռագրերը։
«Նպատակն է համադրել այս նոր տեղեկատվությունը մինչ այժմ հայտնաբերված փաստերի հետ և այդպիսով բացահայտել հնարավոր նոր հանգամանքներ, որոնք կարող են տալ երկար ժամանակ անպատասխան մնացած հարցերի պատասխաններ»,- հայտարարել է Չեխիայի ոստիկանությունը։
Շատ չեխերի համար Մասարիկի մահը պատմական խորհրդանիշ է, մռայլ նշան, որն ասոցացվում է կոմունիստական կուսակցության՝ հինգ տասնամյակներ տևած կառավարման սկզբնական շրջանի հետ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է գիտնական, Չեխիայի արդի պատմության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Միխալ Շտեհլիկը:
Մասարիկի մահվան հետ կապված առեղծվածը Չեխիայում քննարկվել է այնքան, որքան թերևս ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։
Հիմնադիր ընտանիք
Մասարիկը Չեխոսլովակիայի քաղաքական ազնվականության խավից էր: Նրա հայրը՝ Թոմաս Գարիգ Մասարիկը, 1918 թվականին օգնեց Ավստրո-Հունգարական կայսրության ավերակներից ստեղծել անկախ Չեխոսլովակիայի Հանրապետությունը, և նա որպես առաջին հանրապետության նախագահ ծառայեց մինչև 1935 թվականը։
Կրտսեր Մասարիկը կրթություն էր ստացել Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, միացել դիվանագիտական կորպուսին և դարձել արտաքին գործերի նախարար Էդվարդ Բենեշի գլխավոր օգնականը։ 1938 թվականի Մյունխենի համաձայնագրից հետո, Հիտլերը բռնակցելու էր Չեխոսլովակիայի մի մասը։ Մասարիկն այդ ժամանակ բնակվում էր Լոնդոնում՝ հանդիսանալով վտարանդի կառավարության արտաքին գործերի նախարարը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա հայտնի դարձավ իր՝ չեխերենով հեռարձակվող "London Calling" հաղորդումներով, որոնցով դիմում էր գերմանական օկուպացիայի տակ ապրող հայրենակիցներին:
Պատերազմից հետո Մասարիկը վերադարձավ Պրահա որպես արտաքին գործերի նախարար, և թեև չէր հարում կոմունիստներին, բայց մնաց այդ պաշտոնում անգամ այն ժամանակ, երբ 1946 թվականին կոմունիստ Կլեմենտ Գոտվալդը դարձավ վարչապետ:
Հաջորդ տարի Մասարիկը մեկնեց Մոսկվա, որտեղ խորհրդային պաշտոնյաները հարկադրեցին Չեխոսլովակիային մերժել արևմուտքի օգնության առաջարկը։ Երկրորդ համաշխարհայինից հետո հայտնի Մարշալի այդ պլանով Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների օգնություն էր տրամադրել՝ Եվրոպան վերակառուցելու համար:
1948 թվականի փետրվարի վերջին արդեն Գոտվալդի կաբինետի 12 ոչ կոմունիստ անդամներ ի նշան բողոքի հրաժարական տվեցին՝ Գոտվալդին մեղադրելով ոստիկանական ուժերում կոմունիստների ներգրավելու մեջ։ Նրանք հույս ունեին, որ սա կստիպի կոմունիստներին գնալ արտահերթ ընտրությունների։ Իրականում, սակայն, կոմունիստներն էլ ավելի մեծացրին ճնշումը․ զինված կոմունիստական խմբերն ու նրանց համակրող ոստիկանական ուժերը երթով անցան Պրահայում՝ ցուցադրելով իրենց ուժը։
Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշը տեղի տվեց կոմունիստների պահանջներին և ձևավորեց նոր, կոմունիստների գերակշռությամբ կառավարություն: Չեխ և արևմտյան պատմաբանների շրջանում լայնորեն տարածված կարծիքի համաձայն՝ սա հեղաշրջում էր:
Հաջորդ 41 տարիների ընթացքում Չեխոսլովակիան վերահսկվում էր Կոմունիստական կուսակցության կողմից՝ փակված երկաթե վարագույրի հետևում
Ընկնող մարմիններ
Անկուսակցականների կամ՝ կոմունիստներին քննադատող նախարարների հրաժարականից մոտ երեք շաբաթ անց՝ մարտի 9-ի երեկոյան, Մասարիկը գտնվում էր ԱԳՆ շենքի երկրորդ հարկի պաշտոնական բնակարանում, որը կայսերական դարաշրջանից հայտնի է որպես Ցերնին պալատ։
Նրա սպասավորի տված վկայության համաձայն, որը ներառված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից գաղտնազերծված դիվանագիտական նամակագրության փաթեթներից մեկում, Մասարիկը այդ երեկո նստավայրում է եղել։ Ժամը 20:30-ի սահմաններում Մասարիկին հանդիպելու են ժամանել չեխերեն խոսող երեք տղամարդ։ Սպասավորը, ով նրանց չէր ճանաչում, մոտ մեկ ժամ անց չորս հոգու համար սև սուրճ է բերել։
Մեկուկես ժամ անց՝ ժամը 22։00-ի սահմաններում, սպասավորն արթնացել է Մասարիկի բարձր ձայնից։ Արտգործնախարարն, ըստ նրա, գոռացել է․ «Ես դա ձեզ համար չեմ անի: Ես ամեն ինչ կստորագրեմ, բայց ոչ սա։ Ես ամեն ինչ կանեմ, բայց սա կարող է լինել միայն իմ դիակի վրայով»։
Սպասավորը հայտնել է, որ երեկոյան ժամը 22:00-ի և 23:00-ի միջև ընկած ժամանակահատվածում նա մի քանի անգամ է լսել, թե ինչպես է Մասարիկը բղավում։ Ժամը 23:45-ի սահմաններում նա արտգործնախարարին ևս մեկ գավաթ սև սուրճ է բերել։ «Այսքանը։ Կարող եք գնալ քնելու: Բարի գիշեր և Աստված օրհնի ձեզ», - հրաժեշտին ասել է Մասարիկը։
Սպասավորը, այս պահին եղած վկայությունների համաձայն, վերջին մարդն էր, ով տեսել էր Մասարիկին, ողջ-առողջ։
Ովքե՞ր էին այդ երեք տղամարդիկ
Մասարիկի դին հայտնաբերելուց մոտ վեց ժամ անց Չեխոսլովակիայի պաշտոնական մամուլի գործակալությունը հայտարարեց նրա մահվան մասին՝ այն որակելով որպես ինքնասպանություն։ Տարիների ընթացքում հանցագործության մասին համոզիչ ապացույցների բացակայությունը ստիպել է շատերին ընդունել այդ վարկածը։
1949 թվականին Պրահայում ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից փոխանցված դիվանագիտական հեռագրում Չեխոսլովակիայի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Մասարիկը մահվանից մի քանի օր առաջ խոսել է ինքնասպանության մասին: Նախարարության նախկին պաշտոնյան, ըստ դիվանագիտական հեռագրի, ասել է՝ Մասարիկը խոստովանել է, թե չի հայտարարագրել Նյու Յորքում ունեցած իր մի քանի հազար դոլար գումարը, և նոր կոմունիստական կառավարությունը կարող է նրան մեղադրել ֆինանսական կանոնակարգերը խախտելու համար։
Բայց նույնիսկ տասնամյակներ շարունակ ուսումնասիրելով դատական արձանագրությունները և նախարարության աշխատակիցների, ինչպես նաև Մասարիկի ընկերների ու դաշնակիցների վկայությունները, պատմաբանները կատարվածի շուրջ դեռևս միասնական կարծիք չունեն:
Մինչ օրս հայտնի չէ՝ ովքե՞ր էին այն երեք տղամարդիկ, որ այցելել էին Մասարիկին նրա մահվան նախորդ օրը երեկոյան:
1968 թվականին՝ կոմունիստական իշխանության կարճատև «ձնհալի» ժամանակ, որը հայտնի է որպես «Պրահայի գարուն», Մասարիկի մահվան հանգամանքների վերաբերյալ հետաքրքրությունը նորից ակտիվացավ: Պրահայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 1968 թվականի ապրիլի 15-ով թվագրված հեռագրում մեջբերվել է ԱԳՆ անձնագրային գրասենյակի հերթապահի խոսքը․ նա հայտնել է, որ դեպքի օրը՝ ժամը 23:00-ին, մեքենաներ են մտել նախարարության բակ, և դրանից անմիջապես հետո իր սենյակի դուռը կտրուկ կողպվել է դրսից, և շենքի հեռախոսագծերն անջատվել են: Չորս ժամ անց աշխատակցի դուռը բացվել է, հեռախոսագծերը միացել են, և ինքը լսել է, թե ինչպես են մեքենաները հեռանում:
Ըստ դիվանագիտական մեկ այլ հաղորդագրության, Պրահայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը Մասարիկի բնակարանում գտել է կիսատ կերած խնձոր, բաց Աստվածաշունչ և հաբեր, որոնք, ենթադրաբար, հանգստացնող դեղամիջոցներ էին և թափված են եղել հատակին: Լոգասենյակի գոտկատեղից բարձր պատուհանագոգին նաև մարդու արտաթորանք է եղել։ Հենց այդ պատուհանագոգից է, ենթադրաբար, ընկել է Մասարիկը։ Ցնցուղախցիկում հայտնաբերվել է փայտե աթոռ, իսկ լոգասենյակի հատակին՝ բարձ։ Ոստիկանության պաշտոնյան նաև հայտնել է, որ մինչ իր ժամանումը շենքում են եղել երկրի անվտանգության և հետախուզական գերատեսչությունների երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Գործը վերաբացելու՝ Չեխիայի ոստիկանության հունվարի 10-ի հայտարարությունից հետո օրեր շարունակ չեխական մամուլի վերնագրերում և լրատվական թողարկումներում այս թեման էր գերիշխում:
«Արդյո՞ք Մասարիկին սպանել են․ Նոր փաստաթղթերը կօգնեն, բայց Ռուսաստանը լռում է», - գրել էր Seznam Zpravy-ն՝ վերլուծելով չեխերից շատերի վաղեմի կասկածները Խորհրդային Միության մասնակցության վերաբերյալ:
Չեխիայի ոստիկանությունը դեռ չի արձագանքել հետաքննությունը վերսկսելու պատճառների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:
Կարծիքների զանազանություն
Տարիների ընթացքում Մասարիկի մահվան վերաբերյալ չորս պաշտոնական հետաքննություն է անցկացվել։ Ինքնասպանության մասին նախնական վարկածը մնաց աներեր 1968 թվականի «Պրահայի գարունը»: Այդուհետ արդեն պատմաբաններն ու պաշտոնյաներն այլ եզրակացության են հանգել՝ դա կամ ինքնասպանություն էր, կամ էլ դժբախտ պատահար, բայց սպանությունը միանշանակ բացառված էր։
Կոմունիստական կարգի փլուզումից հետո ևս երկու հետաքննություն անցկացվեց։ Դրանցից մեկը, որ շարունակվեց երեք տարի, 1996 թվականին եզրակացրեց, որ Մասարիկը լոգասենյակի պատուհանից ընկել է ինչ-որ մեկից փախչելիս։
Երկրորդը՝ 2001-2003 թվականներին, կենտրոնացած էր հայտնի դատաբժշկական փորձաքննության վրա, օրինակ՝ մարմնի դիրքը պատուհանի նկատմամբ, և եզրակացրեց, որ Մասարիկը սպանվել է:
«Ես դեռ շատ թերահավատ եմ, որ մենք 1948 թվականից այս դեպքի մասին որևէ իրական տեղեկատվություն ստանանք», - «Ազատությանն» ասել է հայտնի պատմաբան Շտեհլիկը։