Մատչելիության հղումներ

COP29. Ալիևից մեղադրանքներ Հայաստանին, սկանդալ՝ առաջնորդների մասնակցությամբ


Ալիևն իր ելույթում չի շրջանցել Հայաստանը

Այսօր Բաքվում COP29-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր խոսքում չշրջանցելով նաև Հայաստանն ու Ղարաբաղը։

Իշխանությունը հորից ժառանգած ու ավելի քան 20 տարի անփոփոխ իշխանության ղեկին գտնվող Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք, իր խոսքով, «թղթի վրա էին մնացել 30 տարի», բայց իրենք իրականացրին այդ բանաձևերը։

Ադրբեջանի նախագահն այս անգամ ևս օգտագործել է միջազգային գագաթնաժողովի հարթակը Հայաստանին դարձյալ 30 տարվա «օկուպացիայի» մեջ մեղադրելու համար ու շեշտել «իրենց հաղթանակը» Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

Հանածո վառելանյութերը՝ «Աստծո պարգև»

Ալիևը նաև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների գագաթնաժողովին պաշտպանել է հանածո վառելանյութերը, այսինքն՝ նավթն ու գազը շահագործելու իրավունքը՝ դրանք «Աստծո պարգև» անվանելով։

«Դա «Աստծո պարգևն» է։ Յուրաքանչյուր բնական ռեսուրս՝ լինի դա նավթ, գազ, քամի, արև, ոսկի, արծաթ, թե պղինձ, այդ ամենը բնական ռեսուրսներ են։ Եվ երկրները չպետք է մեղադրվեն դրանք ունենալու համար և չպետք է մեղադրվեն այդ ռեսուրսները շուկա հանելու համար, որովհետև դրանք անհրաժեշտ են ժողովրդին», - շեշտել է նա:

Ալիևը նաև հիշեցրել է, որ իրենց ունեցած նավթն ու գազը պետք են նաև Եվրոպային՝ աշխարհաքաղաքական վիճակի փոփոխության պատճառով, և որ հենց Եվրահանձնաժողովի առաջարկով են իրենք կնքել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Ադրբեջանի նախագահը մեղադրել է արևմտյան որոշ երկրների, բնապահպան և հասարակական կազմակերպությունների COP29-ը Բաքվում անցկացնելը խափանելու փորձերի համար, քանի որ մինչ այս հնչում էին կոչեր՝ չգնալ մարդու իրավունքները ոտնահարող, բնապահպանական բազմաթիվ խախտումներով նավթ արդյունահանող Ադրբեջան։ Ալիևը մեղադրել է երկակի ստանդարտների համար՝ չտալով ոչ արևմտյան երկրների, ոչ էլ կազմակերպությունների անունները։

Ինչ են քննարկում COP29-ում

Հիմնական հարցն օրակարգում զարգացող երկրներին ուղղվող ֆինանսավորումը տասնապատկելու՝ 100 միլիարդը մեկ տրիլիոն դարձնելու որոշումը համաձայնեցնելն է։

ՄԱԽ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. - «COP29-ը պետք է քանդի կլիմայի ֆինանսավորման պատնեշները: Զարգացող երկրները չպետք է դատարկաձեռն լքեն Բաքուն: Պարտադիր է, որ գործարքը կայանա, և ես վստահ եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի»։

Գագաթնաժողովում փորձում են հասկանալ, թե ինչպես կփոխի Դոնալդ Թրամփի ընտրությունը նախագահի պաշտոնում ԱՄՆ-ի քաղաքականությունը կլիմայի հարցում։ Թրամփը հայտնի է կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ իր թերահավատ մոտեցմամբ և իր առաջին նախագահության ժամանակ Միացյալ Նահանգները դուրս է բերել Փարիզի համաձայնագրից։ Այժմ աշխարհը փորձում է հասկանալ՝ արդյոք Սպիտակ տուն վերադարձող Թրամփը դարձյալ ձեռքերը կլվանա կլիմայական խնդիրներից։

Վաշինգտոնի կլիմայական հարցերով գլխավոր բանագնաց Ջոն Պոդեստան, սակայն, նշել է, որ գլոբալ տաքացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը կշարունակվեն, նույնիսկ եթե դրանք առաջին պլանում չլինեն:

Բաքվի գագաթնաժողովին, ի դեպ, ներկա չեն աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ երկրների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները։ Ներկա առաջնորդներին էլ չի հաջողվել խուսափել սկանդալից, մասնավորապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է COP29-ի ղեկավարների հետ ընդհանուր՝ «ընտանեկան» լուսանկարից՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատճառով։ Վերջինս Ուկրաինայի դեմ պատերազմում Պուտինի հիմնական դաշնակիցն է և համարվում է Եվրոպայի վերջին բռնապետը։

Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները
Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները

XS
SM
MD
LG