Մատչելիության հղումներ

«Գույքի դիմաց փոխհատուցում»․ սեփականությունը կորցնող կիրանցեցիները դիմում են կառավարությանը


Չափագրման աշխատանքներ Կիրանցում, 21-ը մայիսի, 2024թ․
Չափագրման աշխատանքներ Կիրանցում, 21-ը մայիսի, 2024թ․

«Ազատություն»-ը Կիրանցում ծանոթացել է այն դիմումի տեքստին, որը լրացնում են Ադրբեջանի հետ սահմանազատման հետևանքով սեփականություն կորցնող կիրանցեցիները։

Այս դիմումով բնակիչները խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել։

Դիմումում, որը «Ազատության»-ը ցույց են տվել բնակիչները, նշվում է, որ «հաստատում են՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում են Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից»։

Միաժամանակ սույն դիմումով նրանք «լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։

Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա։

Դիմումի ձևաթղթում հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, որը սակայն, գործադիրի e-gov.am կայքում չենք գտնում, այն այս պահի դրությամբ տեղադրված չէ։

Գուղացիներն ավելի վաղ «Ազատության»-ը ասել էին, որ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի ան կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը է կորցնում:

Պաշտոնապես առայժմ այդ մասին չի հաղորդվում, մինչ այս պահը հայտնի չէ՝ ինչ չափի փոխհատուցում են տրամադրելու քաղաքացիներին ու ինչպես:

Անվտանգության խորհրդի քարտուղարն էր օրերս հարցազրույց տվել Հանրային հեռուստաընկերությանն ու ասել, որ 4 շինություն է անցնում այն կողմ՝ մեկ տուն, մեկ կացարան, ավտոտնակ և խանութ:

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Կիրանցում «երեք առավել զգայուն կետեր կան, դրանց վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի»։ Արձանագրության ստորագրումից հետո, սակայն գյուղացիները հայտարարեցին, թե այդ երեք զգայուն կետերի հարցը, ոչ ի շահ իրենց է լուծվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG