Մատչելիության հղումներ

Չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան


«Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավելի, ոչ պակաս», - «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նման կերպ նա արձագանքել է Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի՝ ենթակառուցվածքերի մասին եղած տարբեր մեկնաբանություններին:

Միրզոյանը շեշտել է՝ հռչակագրում գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը, ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, ըստ Միրզոյանի, չեն կարող լինել այս շրջանակից դուրս։

«Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ», - ասել է նա՝ ըստ էության անդրադառնալով «միջանցք» տալու վերաբերյալ մեղադրանքներին։

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Խորհրդարանական ընդդիմությունից, սակայն, պնդել էին, «այն ամենը, ինչ տեղի է ունենում հողի վրա, ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ կարող է դիտվել, քան սովորական ճանապարհի»:

«Չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ», - նշել է արտգործնախարար Միրզոյանը։

Նա հավաստիացրել է, որ օգոստոսի 11-ին՝ նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից ողջամտության կանխավարկածով «բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։

Խաղաղության գործարքի առանցքում «Թրամփի ճանապարհն է», որը կերաշխավորի անխոչընդոտ կապ Ադրբեջանի համար՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը ԱՄՆ-ին է տալիս 43 կիլոմետրանոց տարանցիկ ճանապարհի զարգացման իրավունք:

Վաշինգտոնում տեղի ունեցածը իշխանական դաշտում ներկայացնում են որպես «հաղթանակ», իսկ ընդդիմադիրներն այն որակում՝ «դիվանակագիտական ապտակ»։



XS
SM
MD
LG