Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի օրը երկում գագաթնաժողովի ժամանակ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորել է «ճիշտ կերպով կարգավորել տարաձայնություններն ու լարվածությունները»՝ միաժամանակ քննադատելով Բրյուսելի՝ վերջերս Պեկինի նկատմամբ կիրառած առևտրային սահմանափակումները: Գագաթնաժողովը հիմնականում նվիրված էր առևտրի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ մտահոգություններին։
«Եվրոպայի առջև ծառացած ներկայիս խնդիրները Չինաստանից չեն ծագում», - ասել է Սին՝ հանդիպման ժամանակ դիմելով ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային:
Նա ԵՄ-ին կոչ է արել «հետևել բաց համագործակցության սկզբունքին և ճիշտ կարգավորել տարաձայնություններն ու լարվածությունները», այն բանից հետո, երբ ֆոն դեր Լայենն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ-Չինաստան առևտրային հարաբերությունները հասել են «ճակատագրական շրջադարձային կետին», և անհրաժեշտ է վերականգնել հավասարակշռությունը։
«Մրցունակությունը հնարավոր չէ բարձրացնել պատեր ու ամրոցներ կառուցելով, - ավելացրել է Սին։ - Անջատման ու կապերը կտրելու քաղաքականությունը կհանգեցնի մեկուսացման»։
Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում կայացած հանդիպման ժամանակ ֆոն դեր Լայենն ասել է. «Քանի որ մեր համագործակցությունն ավելի խորացավ, աճեցին նաև անհավասարակշռությունները»։
«Մենք հասել ենք շրջադարձային կետի», - շարունակել է նա՝ հորդորելով Չինաստանին հանդես գալ իրական լուծումներով։