Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտարարությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի՝ վարչապետը նպատակ ունի ջախջախել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող ուժը:
Նա Փաշինյանի այդ քայլն արտառոց ու վտանգավոր է համարում՝ շեշտելով, որ իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն և երկրում խառնաշփոթ ստեղծելուն։ Ստեղծված իրավիճակից ելքը Տեր-Պետրոսյանը տեսնում է միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները դադարեցնելը:
«Իմ կարծիքով՝ հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազանների և Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը», - շեշտել է առաջին նախագահը։
Նա վստահություն է հայտնել, որ իր առաջարկած լուծումը ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը՝ «պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից»։
Երեկ երեկոյան Էջմիածինը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ վարչապետի հոգևոր հանդիպման հրավերը որակել բռնություն հրահրելու փորձ և դիմել իրավասու մարմիններին՝ կանխելու այդ հակաօրինական միջոցառումը։ Իշխանությունից արձագանքել էին հորդորով՝ «դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց կաթողիկոսի աշխարհիկ անունը) ուխտազանցության, ինչպես նաև եկեղեցու մի շարք սպասավորների` ահաբեկչության ու հեղաշրջման պլանավորման մեջ առերևույթ մասնակցության արդյունքում» Հայ Առաքելական եկեղեցու առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը: