Մատչելիության հղումներ

Բայրամովն իր հերթին է պնդում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու անհրաժեշտություն չկա


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

«ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում որևէ ներդրում չի ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

«Մենք կարծում ենք, որ կարիք չկա պահպանելու այն ինստիտուտները, որոնց մանդատները սպառվել են և որոնք իրենց բնույթով արխայիկ են»,- հավելել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

Հայկական կողմն առայժմ չի արձագանքել ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդ հանդիսացող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի ներկայացուցիչների գլխավորած Մինսկի խումբը լուծարելու Ալիևի վարչակազմի պահանջին։

Երևանից հետո Բաքու այցելած ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ հանդիպմանը Բայրամովը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կարծիք հայտնել, որ վերջին կես տարվա ընթացքում «մեծ աշխատանք է տարվել» այդ ուղղությամբ»:

Ադրբեջանի արտգործնախարարը վերջին վեց ամիսների առաջընթացը պայմանավորել է բանակցությունների երկկողմ ձևաչափով։

«Մեր կարծիքով երկկողմանի բանակցությունների առկայությունը դրական ձևաչափ է։ Վերջին 6 ամիսների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել։ Որպես դրական զարգացում, կարելի է նշել ապրիլին երկու երկրների սահմանի հատվածի սահմանազատման գործընթացը և չորս գյուղերի վերադարձը»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին հայտարարել է․ - «ԵԱՀԿ-ն լսում է երկու կողմերին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները: Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG