Մատչելիության հղումներ

Բայրամով. Խաղաղության համաձայնագիրը չպետք ունենա բաց կետեր


Ղազախստան - Ադրբեջանի, Ղազախստանի և Հայաստանի արտգործնախարարները բանակցություններից առաջ, Ալմաթի, 10-ը մայիսի, 2024թ.
Ղազախստան - Ադրբեջանի, Ղազախստանի և Հայաստանի արտգործնախարարները բանակցություններից առաջ, Ալմաթի, 10-ը մայիսի, 2024թ.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայաստանցի պաշտոնակցի հետ վերջին բանակցությունների արդյունքները «դրական» է գնահատել՝ հրաժարվելով, սակայն, մանրամասներ հայտնել։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ասեմ, որ փետրվարից ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են։ Դրանից առաջ փաստաթղթերի և պայմանների փոխանակումներ են տեղի ունեցել, բայց դեմ առ դեմ հանդիպում չեղավ, թեև գործընթացը շարունակվեց Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Վերջին հանդիպման ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել։ Թեև չեմ էլ ուզում մանրամասնել, այդ բանակցությունները դրական եմ գնահատում»,- ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ըստ Բայրամովի, երկրների միջև խաղաղության համաձայնագիրը պետք է իրենից ներկայացնի մի փաստաթուղթ, որը չի ունենա բաց կետեր ու չի ներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին բանակցությունների թեմա կդառնան, հաղորդում է Report.az-ը:

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։

Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Արդյոք հենց այս հարցերն են շարունակում մնալ բաց՝ կողմերը դեռ չեն հստակեցնում։

Երեկ Երևանում, ԵԱՀԿ գործող նախագահի հետ ասուլիսի ժամանակ, Հայաստանի արտգործնախարարը, սակայն, հայտարարել էր, որ «վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG