Մատչելիության հղումներ

Բրյուսելը նոր պատժամիջոցներ կառաջարկի Իրանի նկատմամբ. Լայեն


Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թվի կտրուկ աճից հետո՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը նոր պատժամիջոցներ կառաջարկի Իրանի նկատմամբ:

«Իրանում զոհերի աճող թիվը սարսափեցնող է։ Ես միանշանակ դատապարտում եմ ուժի կիրառումը և ազատության շարունակական սահմանափակումը», - գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով. «Բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներն արագորեն կառաջարկվեն»:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ՝ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։

«ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման գործունեության և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից տարվող պատերազմին Թեհրանի աջակցության համար», - գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Կայա Կալլասը՝ ընդգծելով. «Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ դաժան բռնաճնշումների»:

Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ երկու հազար մարդ է զոհվել, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը:

Երկրում ինտերնետն ու հեռախոսակապը դեռ անհասանելի են, թեև հաղորդումներ կան, որ երկրից հնարավոր է եղել որոշ միջազգային զանգեր անել: Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: Այս պահին Իրանից լուրեր չեն ստացվում, թե արդյոք հակակառավարական ցույցերը շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG