Բրյուսելն ու Լոնդոնը Հայաստանից աջակցություն են ակնկալում Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում: «Ազատության» հետ զրույցում Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի (RUSI) Ֆինանսների և անվտանգության կենտրոնի հիմնադիր տնօրեն Թոմ Քիթինգը բացատրեց, թե որոնք են այն հիմնական թեմաները, որոնց շուրջ կենտրոնը պատրաստվում է առաջիկայում զեկույց ներկայացնել:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի վրա կենտրոնանալը մեզ համար հետազոտության հիմնական ոլորտն է, և մասնավորապես՝ ինչպես են Եվրամիության, Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի մաս չկազմող երկրները հաղթահարում այդ պատժամիջոցների հետևանքով ստեղծված ալիքները, այդ փոթորիկը», - ասաց Քիթինգը:
2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, Հայաստանը, ինչպես նաև մի շարք այլ հետխորհրդային երկրներ, դարձել են տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց տարածքներից ապրանքների արտահանումը։ Ռուսաստանի հետ միասին ԵԱՏՄ կազմում գտնվող Հայաստանի համար Արևմտքից հնչող խնդրանքն արդյոք խնդիրներ չի առաջացնի։ Ֆինանսների և անվտանգության հարցերով փորձագետն ընդունում է՝ Հայաստանը հեշտ իրավիճակում չի հայտնել:
«Կարծում եմ՝ Բրյուսելի, Վաշինգտոնի և Լոնդոնի դիվանագետները մի բան դանդաղ էին հասկանում՝ մասնավորապես, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համատեքստում կոնկրետ ինչ են ուզում խնդրել Հայաստանի նման երկրներից: Բայց նրանք հիմա դա հասկացել են, և շատ պարզ խնդրանք է: Խնդրանքը հետևյալն է. կան այսպես կոչված կրիտիկական նշանակության ապրանքներ, օրինակ՝ միկրոչիպեր ու այլ էլեկտրոնային ապրանքներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի բանակի համար: Եվ այսպես, դիվանագետները գալիս են Բրյուսելից և այլ մայրաքաղաքներից ու ասում՝ մեզ չի անհանգստացնում այն, թե արդյոք դուք կկարողանաք պահպանել պատժամիջոցների ողջ շրջանակը, մենք կցանկանայինք ընդամենը համոզվել, որ Ռուսաստանը չի կարողանա ձեռք բերել այս կարևոր ապրանքները Հայաստանի միջոցով, որ հայկական ընկերությունները չեն ներմուծի այդ ապրանքները և չեն արտահանի դրանք Ռուսաստան: Դա շատ պարզ խնդրանք է», - նշեց Քիթինգը՝ հավելելով. - «Հետևաբար, կարծում եմ, որ այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է, իհարկե, բարդություններ է ստեղծում, բայց խնդրանքն այնքան փոքր է, որ չեմ կարծում անհանգստության պատճառ կարող է դառնալ։ Միևնույն ժամանակ, Բրյուսելում այդ խնդրանքի կատարումը լավ կընդունվի, իսկ Հայաստանը Բրյուսելի հետ ցանկանում է մերձենալ և ավելի շատ առևտուր անել»:
Կրեմլը բազմիցս Երևանին զգուշացնում է, որ Եվրամիությունը և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և եթե Երևանը շարունակի եվրոպական ուղին, հետևանքները չեն ուշանա: Ռուսական կողմը նաև մատնանշում է տնտեսական վերջին ցուցանիշները, օրինակ՝ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի աճել է՝ հասնելով մոտ 12 միլիարդ դոլարի։ Հարցին՝ այս նախազգուշացումների ու սպառնալիքների լույսի ներքո ինչպե՞ս կարող է Հայաստանը հավասարակշռություն պահպանել, Թոմ Քիթինգն արձագանքեց.
«Դե, ճիշտն ասած, այստեղ ընդամենը երեք օր անցկացնելուց հետո, ես չեմ պատկերացնում, որ աշխարհում կարող է մեկ այլ երկիր լինել, որն ավելի լավ է հավասարակշռություն պահպանում աշխարհաքաղաքական տարբեր տեսակի լարվածությունների պայմաններում, որոնց դուք բախվում եք որպես երկիր: ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում քաղաքականություն մշակողներին մենք ասում ենք, որ չի կարելի գնալ Հայաստանի նման երկիր և պարզապես ասել՝ «խնդրում ենք, արեք այն, ինչ մենք ուզում ենք», առանց որևէ բան առաջարկելու: Կարծում եմ, որ ակնհայտորեն Հայաստանը կարող է ասել. - «Այո, իհարկե, մենք գտնում ենք, որ վրդովեցուցիչ է, որ Ռուսաստանն ապօրինի ներխուժել է Ուկրաինա։ Մենք Ուկրաինայի կողքին ենք՝ պաշտպանելու նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց միևնույն ժամանակ կա մի բան, որ մենք էլ կցանկանայինք ստանալ»։ Եվ իմ շատ հանդիպումներում այստեղ՝ Երևանում, նաև Թբիլիսիում և այլուր, մարդիկ միանգամից նշում են, որ «Ռուսաստանի հետ առևտուրն աճել է, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը՝ նվազել, խնդրում ենք, կարելի՞ է անել այնպես, որ ԵՄ-ի հետ առևտուրն աճի»: Կարծում եմ, որ եթե ես ձեր Կառավարության տեղը լինեի, հենց այդ հարցը կբարձրացնեի՝ «ինչպե՞ս կարող ենք մենք մեծացնել մեր առևտուրը»: Որքան որ հասկանում եմ, ժամանակին Հայաստանի ապրանքաշրջանառության 25 տոկոսը ԵՄ-ի հետ էր։ Այժմ այն բավականին կտրուկ ընկել է: Ինչպես նշեցիք՝ Ռուսաստանի հետ էլ այն աճել է: Դա վատ պատկեր է ԵՄ տեսանկյունից, և ԵՄ-ն պետք է օգնի Հայաստանին լուծել այդ խնդիրը և մեծացնել առևտուրը Եվրամիության հետ»:
Հայաստանում գտնվող բրիտանացի փորձագետը նաև ընդգծեց, որ իրենց ուսումնասիրությունների շրջանակն այսքանով չի սահմանափակվելու։ Հետաքրքրված են նաև հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններով, առավել ևս, որ որոշ ֆինանսական միջամտության փորձեր են նկատել, ու ավելի ուշ զեկույց կներկայացնեն:
«Մենք սկսում ենք ավելի հաճախ նկատել, որ ֆինանսներն օգտագործվում են ժողովրդավարական գործընթացները խարխլելու, ընտրությունների վրա ազդելու փորձերում։ Նայեք Մոլդովայի փորձին, նայեք Ռումինիայի փորձին վերջերս ․․․իսկապես, նաև Վրաստանի փորձին: Կարելի է խոսել նաև այդ մասին։ Այսպիսով, դա մեզ իսկապես հետաքրքրում է՝ հասկանալու, թե ինչպես է երկիրը, ինչպես են իշխանությունները պաշտպանում իրենց այսպես ասած «չար» սև փողերից, որոնք գալիս են երկիր՝ ապակայունացնելու ընտրությունները: Սրանք այն երկու թեմաներն են, որոնք իսկապես հետաքրքրում են մեզ», - ասաց Քիթինգը:
Եվ, իհարկե, Իրանի հետ հարևանությունը գայթակղիչ երրորդ թեման է, որ գրավել է բրիտանական վերլուծական կենտրոնի ուշադրությունը՝ առավել ևս մի ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգների նոր նախագահն անընդհատ խոսում է Իրանի մասին: