Արքայական միացյալ ծառայությունների ինստիտուտի (Royal United Services Institute)՝ աշխարհի ամենահին պաշտպանական ու անվտանգային ուսումնասիրությունների կենտրոնի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Ռուսաստանը օգնում է Չինաստանին Թայվան հնարավոր ներխուժմանը պատրաստվելու հարցում։
Բրիտանիայում գործող RUSI-ի ուսումնասիրած փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են, որ Մոսկվան 2023-ին համաձայնել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակին (ՉԺԱԲ) վաճառել ռազմական տեխնիկայի մի շարք տեսակներ, այդ թվում՝ զրահապատ մարտական մեքենաներ, հակատանկային զենքեր և օդադեսանտային զրահափոխադրիչներ։ Նախատեսվում էր, որ զրահապատ մեքենաները կհագեցվեն չինական չափանիշներին համապատասխան սարքավորումներով, իսկ Ռուսաստանը կմարզի չինացի հատուկ նշանակության օդադեսանտների գումարտակը։
Պայմանագրերում նաև նշվում է, որ Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան նրան նմանատիպ զենքեր արտադրել։ Ակնկալվում է, որ դա կուժեղացնի Չինաստանի օդային մանևրների հնարավորությունները, որը այն քիչ ոլորտներից է, որտեղ Մոսկվայի զինված ուժերը դեռևս առավելություն ունեն ՉԺԱԲ-ի նկատմամբ։
RUSI-ն նշել է, որ պայմանագրերի և լրացուցիչ նյութերի շուրջ 800 էջերը «թվում են իսկական», և որ փաստաթղթերում առկա մանրամասները ստուգվել են անկախ կերպով։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ փաստաթղթերի որոշ մասեր փոփոխված կամ բաց թողնված լինեն, հավելել է վերլուծական կենտրոնը։
Մոսկվան չի մեկնաբանել արտահոսած փաստաթղթերը։ Դրանք ուսումնասիրել է անկախ վերլուծական կենտրոնի գիտաշխատող Оլեքսանդր Վ. Դանիլյուկը։ «Ազատությունը» զրուցել է նրա հետ այդ փաստաթղթերի, Չինաստան-Ռուսաստան ապագա ռազմական համագործակցության մասին, ինչպես նաև հետաքրքրվել՝ ի՞նչն է դրդում Ռուսաստանին կողմ լինել Չինաստանի ներխուժմանը Թայվան՝ 23 միլիոն բնակչություն ունեցող ինքնակառավարվող կղզի, որը Պեկինը իր տարածքն է համարում։
«Ազատություն». - Կարո՞ղ եք համառոտ բացատրել, թե որոնք են այդ գործարքների հիմնական տարրերը, և ինչո՞ւ են դրանք կարևոր Պեկինի համար Թայվան հնարավոր ներխուժման առումով։
Օլեքսանդր Վ. Դանիլյուկ. - Եթե մի քանի բառով ներկայացնեմ, ապա այս գործարքը վերաբերում է օդադեսանտային գործողությունների համար անհրաժեշտ շատ յուրահատուկ սարքավորումների ձեռքբերմանը։ Դա օդադեսանտային գումարտակի ծանր տեխնիկայի հավաքածու է, ինչպես նաև հատուկ սարքավորումներ հատուկ նշանակության ուժերի համար։ Այս երկու հավաքածուներն էլ անհրաժեշտ կլինեն օդադեսանտային ներխուժման ժամանակ, ինչը, իր հերթին, կստեղծի հիմք չինական բանակի ծովային ներխուժման համար։
Գաղափարն այն է, որ Չինաստանը գետնի վրա ունենա հատուկ նշանակության ուժերի ջոկատ, և ռուսական այս սարքավորումներն օգտագործելով՝ նրանք կարողանան քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներից ցատկել շատ մեծ բարձրությունից և աննկատ սահել դեպի Թայվանի տարածք։ Եվ նրանք նաև կօգտագործեն այս ավտոմատացված համակարգերը՝ այնտեղ հասցնելու համար այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են ռուսական օդադեսանտային տանկերն ու զրահապատ մարտական մեքենաները, որպեսզի ոչ բոլոր հատուկ նշանակության ջոկատայինները ստիպված լինեն պարաշյուտով իջնել Թայվան. նրանցից շատերը կարող են նախապես, օրինական ձևով մուտք գործել Թայվան որպես զբոսաշրջիկներ։
Մենք կարծում ենք, որ այս ծանր տեխնիկայով հագեցած գումարտակը կլինի ավելի մեծ թվով գումարտակների մի մասը, այնպես որ, հնարավոր է՝ գումարտակներից ընդամենը մեկը կօգտագործի ռուսական տեխնիկա, իսկ մյուս երկուսը կամ երեքը՝ չինական։ Սա բավական է՝ առնվազն Թայբեյի նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որը, մեր կարծիքով, նման գործողության հիմնական թիրախն է, քանի որ այն Չինաստանին հնարավորություն կտա վերահսկել կենսական նշանակություն ունեցող նավահանգիստը՝ ՉԺԱԲ-ի հետագա ծովային ներխուժման հիմք ստեղծելու համար։
«Ազատություն». - Հայտնի է, որ Ռուսաստանը միշտ շատ զգուշավոր է լինում առավել առաջադեմ ռազմական տեխնիկա Չինաստան արտահանելու հարցում՝ վախենալով, որ չինացի ինժեներները կարող են այն վերարտադրել։ Ինչո՞ւ եք կարծում, որ այս մոտեցումը այժմ փոխվում է, և ի՞նչ կարող է սա նշանակել ապագայի համար
Օլեքսանդր Վ. Դանիլյուկ. - Քաղաքական առումով այս տեսակի ռազմական համագործակցությունը չափազանց կարևոր է ռուսների համար, քանի որ նրանք չեն ցանկանում լինել լիովին մեկուսացված երկրների ակումբում։ Կարող ենք ասել, որ գոյություն ունի նման մտածողությամբ երկրների որոշակի առանցք [խմբ.-վերլուծաբանները սկսել են Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև քաղաքական և ռազմական համակարգումը անվանել «Ցնցումների առանցք»], և ռուսների համար այս առանցքի ամենակարևոր տարրը Չինաստանն է։
Ռուսաստանը նաև հսկայական ռեսուրսներ է ներդրել պատերազմում, և այդ միջոցները պատշաճ աշխարհաքաղաքական ուժի վերածելու միակ ճանապարհը ավելի լայն, գլոբալ պատերազմն է։ Այդ պատերազմի ամենացանկալի թատերաբեմը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է։ Այսպիսով, ռուսները, կարծես, պատրաստ են ամեն ինչ անել՝ դրդելու Չինաստանին ներխուժել Թայվան, հատկապես, եթե դա կհանգեցնի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև իրական հակամարտության։
Կարծում եմ՝ ռուսները չէին ցանկանա, որ Թայվան ներխուժումը լիներ Ղրիմի սցենարով՝ սահմանափակ դիմադրության և ոչ այնքան բացասական միջազգային արձագանքի ուղեկցությամբ։ Նրանք առավել հետաքրքրված են, որ Չինաստանը ներխուժի, սակայն նրան չհաջողվի իրականացնել բլիցկրիգ, ինչը կհանգեցնի հնարավորինս երկար առճակատման։ Դա կարող է պատերազմի մեջ ներքաշել ամերիկացիներին և որոշ այլ երկրների, օրինակ՝ Ճապոնիային, ինչը, իմ կարծիքով, հենց այն է, ինչ նրանք ցանկանում են։
«Ազատություն». – Փաստորեն, այս փաստաթղթերը ոչ միայն վկայում են, որ Մոսկվան կաջակցի Չինաստանի կողմից Թայվան ներխուժմանը, այլև որ նրանք նաև փնտրում են իրավիճակի վրա ազդելու եղանակներ, որպեսզի դա տեղի ունենա։
Օլեքսանդր Վ. Դանիլյուկ. – Այո՛, անկասկած, այդպես է։ Ռուսաստանի համար պատերազմը և Թայվան ներխուժումը անխուսափելի դարձնելու համար նախապայմաններ ստեղծելու ամենահեշտ ճանապարհն ազդեցությունն է թայվանական հասարակության և, անկեղծ ասած, ամերիկյան հասարակության և ամերիկյան քաղաքականության վրա։
Տեսեք, թե ինչ է կատարվում թայվանական քաղաքականության մեջ: Մի կողմից՝ ունենք մի խորհրդարան, որը վերահսկվում է «Գոմինդան» կուսակցության կողմից, ու Ժողովրդավարական առաջադեմ կուսակցություն ներկայացնող նախագահ Լայ Չինգ-տեն։ Նրանք անցյալ տարվա մեծ մասն անցկացրել են օրինագծերի արգելափակմամբ և Սահմանադրական դատարանի նշանակումների հետաձգմամբ, ինչը հանգեցրել է վիճաբանությունների խորհրդարանում և զանգվածային բողոքի ցույցերի։ Սա իդեալական նախապայման է քաղաքական ճգնաժամ հրահրելու համար, որը անհրաժեշտ է՝ Թայվանում հրամանատարական և վերահսկողական համակարգը անկայունացնելու տեսանկյունից՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով։
«Ազատություն». - Այսպիսով, ձեր ուսումնասիրած փաստաթղթերում նշված այս օդային հնարավորություններից զատ, ի՞նչ ոլորտներ կան, որտեղ, Ձեր կարծիքով, Չինաստանի զինված ուժերը կապավինեն Ռուսաստանի փորձին՝ Թայվան հնարավոր ներխուժման հետ կապված բարելավման համար։
Օլեքսանդր Վ. Դանիլյուկ. - Ակնհայտ է, որ դրանցից մեկը լինելու է ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ։ Ինչպե՞ս ես ճնշելու հակառակորդի օդային պաշտպանությունը և նաև ինչպե՞ս ես ստիպելու նրան սպառել իր զինամթերքը։ Ռուսաստանը վերջերս մեծ ու անմիջական փորձ է ձեռք բերել այդ հարցում, և դա լիովին կիրառելի է Թայվանի սցենարի դեպքում։
«Ազատություն». - Հաշվի առնելով այս տեսակի ռազմական համագործակցությունը, որի մասին մենք խոսում էինք, ի՞նչ եք ակնկալում Թայվանի շուրջ սցենարի առումով։
Օլեքսանդր Վ. Դանիլյուկ. - Կարծում եմ, որ գլխավոր հարցն այն է, թե իրականում որքանով է կարող թայվանական հասարակությունը խուսափել ներքին առճակատումից և բևեռացումից, և արդյոք այն կարող է միավորվել կղզին պաշտպանելու անհրաժեշտության շուրջ, ինչը շատ ավելի դժվար խնդիր է։
Վաշինգտոնի բնական արձագանքը Թայվանին ավելի շատ ռազմական կարողություններ տրամադրելն է, բայց իմ կարծիքով՝ հարցն ավելի շատ այն մասին է, թե արդյոք նրանք կարող են իրականում միասնական և վճռական լինել ներխուժման դեմ դիմադրելու և պայքարելու հարցում։