Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում Արցախի նախկին պաշտոնյայի մահվանից մոտ տասն օր անց Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով քննություն է սկսել:
Քննչականն առայժմ մանրամասներ չի հաղորդում այս գործից, չի բացահայտում, թե արդյոք Հայաստանում քննությունը կատարվելու է ռուսաստանցի իրավապահների հետ համատեղ: Բորիս Ավագյանի մահից հետո Ռուսաստանի քննչական կոմիտեն ևս քրեական գործ է հարուցել ինքնասպանության դրդելու հոդվածով:
Հնարավոր մեղադրյալների մասին տվյալներ հայտնի չեն: Ավագյանի փաստաբանն այսօր «Ազատությանը» փոխանցեց միայն, որ նրա դին դեռ Հայաստան չեն տեղափոխել: Կոնստանտին Տարասենկոն ավելի վաղ նշել էր, որ 42-ամյա Ավագյանի մարմինը ենթարկել են դատաբժշկական փորձաքննության՝ մահվան հանգամանքները պարզելու համար:
«Նախնական արդյունքները, կարծում եմ, այսօր Քննչականը կստանա: Մեզ խոստացել են՝ առաջիկա օրերին մարմինը մեզ հանձնեն, որ տեղափոխենք Հայաստան», - ասել էր փաստաբանը:
Ավագյանին անցած շաբաթ մահացած էին գտել հյուպատոսարանի զուգարանում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը հյուպատոսարանից իր վերջին տեսագրությունն էր հրապարակել, բացատրել, որ 14 ժամ է խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են. - «Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացուն չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը»:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքել էր Ավագյանի՝ մահվանից առաջ հնչեցրած մեղադրանքները: Արսենյանը պնդել էր՝ հյուպատոսարանի աշխատակիցները նրա արտահանձնումը ոչ միայն չեն մերժել, այլև ժամեր շարունակ աշխատել են այն կազմակերպելու ուղղությամբ:
Արցախի նախկին պաշտոնյան մեղադրյալ էր միանգամից երկու երկրներում՝ Հայաստանում և Ռուսաստանում: Երևանը Ավագյանին հետախուզում էր փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար, ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով:
Փաստաբան Տարասենկոն «Ազատությանը» պատմել էր, որ Ավագյանի դեմ քրեական գործը ռուսաստանյան իրավապահները օգոստոսին որոշել են փակել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու դիմաց:
«Նա ամբողջությամբ մեղքն ընդունել է, երբ պետական մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը: Բորիսն ինձ ասում էր՝ «ընդունում եմ մեղքս, եկեք արագ ավարտենք գործի քննությունը», - փոխանցել էր Տարասենկոն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո Ավագյանն, ըստ փաստաբանի, ազատ է արձակվել, տեղափոխվել զորամաս, անցել բժշկական հետազոտություններ, անցած ուրբաթ էլ պետք է տեղափոխվեր հավաքակայան: Բայց դրա փոխարեն ռուսները նրան կրկին կանչել էին դատարան, տեղեկացրել, որ ռազմական գործողություններին մասնակցելու պայմանագիրը չեղարկել են, պատրաստվում են քրեական գործը վերաբացել:
«Մենք չափազանց զարմացած էինք, քանի որ ոչ մեկը այդ մասին չէր տեղեկացրել: Նրան դատարան ուղեկցող զինվորականները ևս զարմացած էին», - նշում էր Տարասենկոն:
Ավագյանը դատարանի նիստից դուրս էր եկել ու հասել Հայաստանի հյուպատոսարան, որտեղ անցկացրած 15 ժամերից հետո, նրա դին հայտնաբերել էին զուգարանում:
Ինչպե՞ս կընթանա քննությունը Հայաստանում և Ռուսաստանում. մինչ Հայաստանի քննչական կոմիտեն չի մանրամասնում, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան ասում է՝ թեև դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հյուպատոսարանի տարածքում, բայց միջազգային պայմանավորվածությունների համաձայն՝ հիմնական քննությունը պետք է վարի ռուսական կողմը:
«Բայց դա չի նշանակում, որ հայ քննիչները Հայաստանից պետք է գնան Սանկտ Պետերբուրգ, որպեսզի էնտեղ քննչական գործողություն անեն: Էնտեղ ի՞նչ քննչական գործողություն՝ ամենաշատը պետք է ներսում մի հատ տարածքի զննում անեն, եթե իրեղեն ապացույց կա, իրեղեն ապացույցը հավաքեն, հավաքեցին՝ հետո՞ ինչ, պիտի բերեն Հայաստան, որ էստեղ քննություն վարե՞ն, իհարկե ոչ: Ամենաշատը՝ պետք է տան նորից ռուս քննիչներին, որպեսզի իրենք հետաքննություն անեն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ղազարյանը:
Թե՛ հայկական, թե՛ ռուսական իրավապահները նաև չեն հստակեցնում՝ ինչո՞ւ են քննությունը վարում ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչո՞ւ չեն քննվում նաև այլ վարկածներ: