ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը երեկ հեռախոսով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը ողջ Սիրիայում:
Պետքարտուղարը պնդել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի:
2015-ին հաստատված այդ բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատում են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։
ԱՄՆ-ը 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր պահանջում էր Բաշար Ասադի հեռացումը և Սիրիայում նոր կառավարություն ձևավորում՝ հիմնված լայն երկխոսության վրա։ Ասադին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեղադրում էին խաղաղ ցույցերը ճնշելու, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև քիմիական զենք օգտագործելու համար։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները զինված աջակցություն չցուցաբերեց սիրիական ընդդիմությանը Ասադի հետ առճակատման ժամանակ՝ սահմանափակվելով Դամասկոսի դեմ պատժամիջոցներ սահմանելով։ Ռուսաստանն անցած տարիներին օդային աջակցություն էր ցուցաբերում Սիրիային, Իրանն ու «Հեզբոլա»-ն էլ ցամաքային ուժերն էին համալրում, իսկ Թուրքիան ոչ թե Բաշար Ասադի իշխանությանն է աջակցում, այլ ընդդիմադիրներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է համարել՝ խոստանալով օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։