Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիյադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Ըստ թուրքական կողմի՝ Ֆիդանն ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ Գազայում կոտորածն արագ դադարեցնելու, մշտական հրադադար հաստատելու և հումանիտար օգնություն Գազա հասցնելու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում իրավիճակի շուրջ, քննարկել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները։
Ամերիկյան կողմի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հենց «Համաս»-ն է հրաժարվում ընդունել գործարքը՝ կոչ անելով Թուրքիային՝ գործադրել բոլոր ջանքերը՝ համոզելու «Համաս»-ին ընդունել հրադադարի անհապաղ առաջարկը, որը սեղանին է:
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության երաշխիքներով պաղեստինյան պետություն տանող ճանապարհով: Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից խուսափելու կարևորությունը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: