ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և «վերահաստատել իր հստակ դիրքորոշումը» Գազայի սահմանային Ռաֆահ քաղաք իսրայելյան հնարավոր ներխուժման վերաբերյալ, հայտնել է Սպիտակ տունը։
Սպիտակ տան հաղորդագրության մեջ զրույցի այս հատվածի մասին այլ մանրամասներ չեն նշվում։ Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել է, որ չի կարող աջակցել Ռաֆահի գործողությանն առանց համարժեք և վստահելի մարդասիրական ծրագրի:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել էր, որ Իսրայելը համաձայնել է լսել ԱՄՆ-ի մտահոգությունները և մտքերը նախքան ներխուժումը սկսելը:
Երկու առաջնորդները վերջին անգամ խոսել էին ապրիլի 13-ին, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ հասցրեց Իսրայելին:
«Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Երկու առաջնորդները երեկ նաև քննարկել են մարդասիրական օգնության առաքման տեմպերի ավելացումը, ներառյալ Գազայի հատված նոր անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները: