Հինգշաբթի օրը Բեյրութում «Հեզբոլա»-ի աջակիցները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը՝ ի նշան բողոքի օդանավակայանի իշխանությունների որոշման դեմ, որով արգելվել է Թեհրանից ուղևորներ տեղափոխող Mahan Air իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում։
ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, մինչդեռ ԵՄ-ն նրա միայն զինված թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը:
AFP-ն հաղորում է, որ ցուցարարներն անվադողեր են այրել բողոքի ակցիայի ժամանակ: Բեյրութի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարությունը խնդրել է համապատասխան մարմիններին տեղեկացնել Mahan Air ավիաընկերությանը, որ Լիբանանը չի կարող ընդունել Բեյրութ մեկնող երկու չվերթ: Պատճառը չի նշվում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Լիբանանի կառավարությունը կարող է ազգային ավիափոխադրող չվերթ ուղարկել Թեհրան՝ ուղևորներին տուն բերելու համար: