Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստից հետո իրավապահները բերման են ենթարկել մեղադրյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
Նույն այս գործով մեկ այլ փաստաբան Ռուբեն Մելիքյանն է ականատես եղել գործընկերոջը բերման ենթարկելուն. - «Ես իմ ընկերների հետ ականատես ենք եղել, թե ինչպես են ֆաշիստական ձևերով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Էդ պահին նկատեցինք, որ դիմակավորված ԱԱԾ-ականներ, չգիտեմ՝ ԱԱԾ-ական, Ոստիկանության ներկայացուցիչ, ինչ, ինչ-որ մեկին ավտոմեքենայից հանեցին՝ շատ կոշտ ձևով, Ուսամա Բեն Լադենի ձերբակալությունը երևի տենց կլիներ, էլի, նույնիսկ ավելի մեղմ ձևով կլիներ, շատ կոշտ ձևով ինչ-որ մարդ իջեցրեցին ավտոյից, լավ չնկատեցինք՝ ում են ձերբակալում»:
Մելիքյանը հետո է կռահել, որ իրենց նկատած մեքենան Կոչուբաևինն է. - «Տեղյակ չենք, որևէ այլ տեղեկություն չունենք՝ ուր են տարել, ինչի համար: Դիմակավորված ինչի՞ եք գալիս ձերբակալման, ի՞նչն ա պատճառը դրա, այսինքն՝ ո՞ւմ հետ գործ ունեք, հանցավոր խմբի ղեկավարի հետ գործ ունեք, Ուսամա Բեն Լադենի հետ գործ ունեք... Փաստաբանին տենց կձերբակալե՞ն»:
Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր անցել էր դռնփակ: Մինչ դռնփակ ռեժիմին անցնելը Կոչուբաևը ներկա չէր, հնարավոր է, որ հետո է փաստաբանը եկել դատարան:
Փաստաբանի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը ժամեր առաջ էր, որում նա կոշտ բառերով քննադատել է Մկրտիչ սրբազանի կալանավորումը: Նախորդ շաբաթ էլ քննադատել էր Տավուշի թեմի նախկին առաջնորդի գործով իրավապահներին:
Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց. - «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»:
Կոչուբաևը մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի փաստաբանն է: Նախորդ դատական նիստին դատարանին խնդրել էր դադարեցնել քրեական հետապնդումը, ընդգծել՝ գաղտնալսման արձանագրության ու վերծանման մեջ իր պաշտպանյալը որպես կերպար ընդամենը երկու անգամ է հիշատակվում. - «Մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում և խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին՝ սա ապացույց մեկ, և ապացույցը երկու, պատվարժան դատարան՝ իր տիկտոկյան էջին ձվածեղի տեսանյութի պատրաստման տեսանյութն է»:
Կոչուբաևը մի շարք այլ ընդդիմադիրների շահերն է ներկայացնում, որոշ ժամանակով ստանձնել էր նաև այժմ կալանքի տակ գտնվող դատավոր Արտուշ Գաբրիելյանի պաշտպանությունը: