Բրիտանական BBC-ն ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն հայտարարել է, որ հանրային հեռարձակողին դատի տալու իրավական հիմքեր չունի վավերագրական ֆիլմի պատճառով, որը նրա փաստաբանները զրպարտչական են անվանել:
Չնայած BBC-ն անկեղծորեն ցավում է նրա համար, թե ինչպես է մոնտաժվել տեսահոլովակը, «կտրականապես համաձայն չենք, որ զրպարտության հայցի հիմքեր կան», ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի փաստաբանները սպառնացել են դատի տալ BBC-ին մինչև 1 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով:
Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ BBC-ն հավելել է, որ չի նախատեսում վավերագրական ֆիլմը վերահեռարձակել իր որևէ հարթակում:
Թրամփի փաստաբանները պահանջում են մինչև գալիք ուրբաթ բոլոր օնլայն հարթակներից հեռացնել վիճահարույց հաղորդումը։
Բրիտանական հեռարձակման կորպորացիայի գլխավոր տնօրենն ու լուրերի գլխավոր գործադիր տնօրենը հրաժարական են տվել քննադատությունից հետո, որ Panorama հաղորդաշարը մի շարք դեպքերում մոլորեցրել է հեռուստադիտողին:
Անցած շաբաթ Telegraph-ը հրապարակել էր BBC-ի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտի զեկույցը, որում պնդում է արվում, թե 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա ցուցարարների հարձակման դեպքերի լուսաբանման ժամանակ BBC-ն հեռացրել է Թրամփի ելույթի այն հատվածը, որտեղ նա կոչ էր անում իր կողմնակիցներին «խաղաղ և հայրենասիրաբար լսելի դարձնել» իրենց ձայնը, ապա ելույթի տարբեր մասեր այնպես են միացրել իրար՝ տպավորություն ստեղծելու համար, թե ամբոխին կոչ է անում գրոհել Կապիտոլիումը։