Մատչելիության հղումներ

BBC-ի գլխավոր տնօրենն ու լուրերի գլխավոր գործադիր տնօրենը հրաժարական են տվել


BBC-ի նախկին գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, արխիվ
BBC-ի նախկին գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, արխիվ

Բրիտանական հեռարձակման կորպորացիայի՝ BBC-ի գլխավոր տնօրենն ու լուրերի գլխավոր գործադիր տնօրենը հրաժարական են տվել քննադատությունից հետո, որ Panorama հաղորդաշարը մի շարք դեպքերում մոլորեցրել է հեռուստադիտողին:

Անցած շաբաթ Telegraph-ը հրապարակել էր BBC-ի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտի զեկույցը, որում պնդում է արվում, թե 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա ցուցարարների հարձակման դեպքերի լուսաբանման ժամանակ BBC-ն հեռացրել է Թրամփի ելույթի այն հատվածը, որտեղ նա կոչ էր անում իր կողմնակիցներին «խաղաղ և հայրենասիրաբար լսելի դարձնել» իրենց ձայնը, ապա ելույթի տարբեր մասեր այնպես են միացրել իրար՝ տպավորություն ստեղծելու համար, թե ամբոխին կոչ է անում գրոհել Կապիտոլիումը։


BBC-ի նախագահ Սամիր Շահը խորհրդարանի Լրատվամիջոցների և սպորտի հարցերով հանձնաժողովին հղած հայտարարությունում նշում է, որ ելույթի խմբագրումը «դատողության սխալ» էր:

Ավելի ուշ BBC-ին տված հարցազրույցում էլ Շահը հայտարարել է, որ գործակալությունը ներողություն է խնդրել Թրմափից դրա համար, և հավելել, որ այժմ մտածում է անձամբ նախագահից ներողություն խնդրելու մասին։ Շահը նաև ասել է, որ տեղյակ չէ՝ արդյոք Թրամփը դատի է տվել գործակալությանը: «Բայց նա մարդ է, որը միտված է դատի տալու։ Այնպես որ, պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին»,- ասել է նա։

Թրամփը քննադատել է BBC-ին՝ իր ելույթը «կեղծելու» համար և շնորհակալություն է հայտնել Telegraph-ին, իր ձևակերպմամբ, «կողմնակալ լրագրողներին» բացահայտելու համար։

«Նրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են կանգնել միջամտել նախագահական ընտրություններին։ Բացի այդ, նրանք օտար երկրից են, որին շատերը համարում են մեր թիվ մեկ դաշնակիցը։ Ի՜նչ սարսափելի բան է ժողովրդավարության համար», - նշել է նա։

BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այս պաշտոնը շատ ջանք ու եռանդ է պահանջում, և երկար ժամանակ է մտորել այն թողնելու մասին, և BBC News-ի շուրջ այս բանավեճը նպաստել է իր որոշմանը։ Բոլոր հանրային կազմակերպությունների նման, BBC-ն ևս կատարյալ չէ, սակայն միշտ պետք է բաց լինի, թափանցիկ և հաշվետու, ասել է նա։

«BBC-ն, ընդհանուր առմամբ, լավ է աշխատում, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ ամբողջ պատասխանատվությունը», - հավելել է նա։

BBC-ի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտն իր ամբողջական զեկույցում ուշադրություն է հրավիրում մի քանի, իր ձևակերպմամբ, «մտահոգիչ խնդիրների» վրա։ Մասնավորապես, նշվում է, որ BBC-ն առհասարակ կողմնակալ է եղել ԱՄՆ նախագահի հանդեպ և նրան ավելի շատ է քննադատել, քան նրա մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսին:

Նաև պնդում է, որ գործակալությունը ռասիզմի թեմայով նյութեր է հրապարակել, որոնք «վատ էին ուսումնասիրված» և ակնարկում էին խնդիրների մասին, որոնք «գոյություն չունեին»։ Պրեսկոտը նաև նշում է, որ BBC-ն հաճախ հրապարակել է «տրանս փորձառությունը գովաբանող պատմություններ՝ առանց բավարար հավասարակշռության կամ օբյեկտիվության», անտեսել է որոշակի ձայներ և կողմնակալ է եղել նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուսաբանելիս։

BBC-ի լուրերի գլխավոր գործադիր տնօրենը հերքել է պնդումը, թե BBC News-ում կողմնակալությունը ինստիտուցիոնալ աստիճանի է հասնում: Դեբորա Թըրնեսն ասել է, որ լրագրողների փայլուն թիմ ունեն, որոնք աշխատասեր մարդիկ են և ձգտում են հնարավորինս անաչառ լինել. «Ես հրաժարական տվեցի շաբաթավերջին, քանի որ ողջ պատասխանատվությունն իմն է։ Բայց կցանկանայի մեկ բան շատ հստակեցնել. BBC News-ը ինստիտուցիոնալ առումով կողմնակալ չէ, այդ պատճառով էլ այն աշխարհի ամենավստահելի լրատվություն մատակարարողն է»։

BBC-ի հեռուստատեսային լրատվական ծառայության նախկին ղեկավար Ռոջեր Մոուզին ասել է, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել BBC-ի նիստերի և քննարկումների ընթացքում, բայց գործակալությունը դանդաղ է արձագանքել վերջին մեղադրանքներին, և երեք կամ չորս օր անտարբեր էին, երբ նոյեմբերի 5-ին սկսվեց քննարկվել Պրեսկոտի զեկույցը։ Նա նաև հույս է հայտնել, որ գործակալությունում լավ ծանրութեթև կանեն հաջորդ տնօրենին ընտրելիս:

«Վերջին գլխավոր տնօրենների մեծ մասը եղել են BBC-ի ներկայացուցիչներ, բայց լավ կլիներ ավելի թարմ հայացքների տեր մեկին բերեին, որը կկարողանար իրերին նայել դրսի հայացքով», - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG