Մատչելիության հղումներ

«Բայրամովը սխալ է ասում». իշխանականները հակադարձում են Ադրբեջանի ԱԳ նախարարին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հակադարձում են Ադրբեջանի արտգործնախարարին՝ պնդելով, թե Ջեյհուն Բայրամովը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, որ Հայաստանն է հրաժարվել բանակցային գործընթացից և սադրիչ գործողություններով ի վերջո պատերազմ հրահրել:

«Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն օրերս ծավալուն հարցազրույցում պնդել էր՝ Հայաստանի վարչապետը տապալել է բանակցային գործընթացը՝ առաջարկելով Բաքվին բանակցել Արցախի հետ: Բայրամովը նաև մատնանշել էր, իր բնորոշմամբ, այն «սադրիչ» քայլերը, որոնք հանգեցրին պատերազմի. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, 2020-ի հուլիսյան մարտերից հետո զինծառայողների ցուցադրական պարգևատումը և այլն:

«Անմիջապես այդ մարտերից հետո Փաշինյանը ցուցադրաբար պարգևատրեց այդ սադրանքներին մասնակցած զինծառայողներին, այդ թվում նրանց, ովքեր մասնակից էին եղել գեներալ Փոլադ Հաշիմովի սպանությանը», - ասել էր Բայրամովը:

Ի դեպ, օրերս իրենց հարցազրույցներում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները նույնպես հայտարարել էին, որ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր: Սարգսյանի և Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր անհեռատես գործողություններով պատերազմ է հրահրել:

Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր հատուկ հակադարձում էր ոչ միայն Ջեյհուն Բայրամովին, այլև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, չմոռանալով նաև առաջին նախագահին:

«Առաջին, իհարկե, բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը: Մենք տեսանք՝ Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին, և պատճառներից մեկն էլ դա էր՝ արդարացուցիչ պատճառներից մեկը դա էր, Ադրբեջանի համար նկատի ունեմ», - մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը:

«Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, և այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ՝ Հայաստանը հրաժարվեց բանակցել: Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը: Դա ներկայացվել էր ամռանը 19 թվականին: Ինչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ սկսելու ենք զրոյական կետից, և թող բանակցեն Ղարաբաղի հետ», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

«Ադրբեջանի արտգործնախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը: Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», - այսօր հակադարձեց Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը Բաքուն սադրիչ էր որակել, ապա Ռուբինյանը հիշեցնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին նման հայտարարություն է արել:

«Ռոբերտ Քոչարյանը ասել է Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է, ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության՝ ինքը պատերա՞զմ է հրահրել», - նշեց ԱԺ փոխխոսնակը:

Պաշտոնական Երևանը ոչ վարչապետի և ոչ էլ Արտգործնախարարության մակարդակով առայժմ չի արձագանքել բանացային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG