Մատչելիության հղումներ

Բայդենը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն բարձրացնելու մասին


Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն, վարչապետ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում», - ասված է Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձում։

«Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։

«Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ», - ասվաշ է նախագահ Բայդենի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում:

Հայաստանն այսօր տոնում է Անկախության 33-րդ տարեդարձը։

XS
SM
MD
LG