Մատչելիության հղումներ

Բավարիայի կառավարությունը սկանդալի մեջ է հայտնվել՝ իսլամական ծայրահեղականության դեմ տեսանյութի պատճառով


Արտապատկերում աղմկահարույց տեսանյութից
Արտապատկերում աղմկահարույց տեսանյութից

Գերմանիայի հարավային Բավարիա նահանգի իշխանությունները սոցցանցից հեռացրել են իսլամիստական ծայրահեղականության վտանգների մասին նախազգուշացնող մի տեսանյութ այն բանից հետո, երբ այն քննադատության արժանացավ որպես «ռասիստական աղբ» և նմանեցվեց նացիստական ժամանակաշրջանի քարոզչությանը:

X սոցցանցում սեպտեմբերի 2-ին Բավարիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տեսանյութում հնչում է չարագուշակ երաժշտություն, ապա կադրում երևում է մուսուլման հոգևորականի մուլտֆիլմային կերպար, որն սպառնալից կերպով ծիծաղում է, մինչ կուլ է տալիս մի երիտասարդ կնոջ։ Վերջինս այնուհետև վերածվում է բազմակին ընտանիք ներկայացնող հիջաբով կնոջ, որը լաց է լինում խոհանոցի հատակը մաքրելու ընթացքում։

Արտապատկերում աղմկահարույց տեսանյութից
Արտապատկերում աղմկահարույց տեսանյութից
Արտապատկերում տեսանյութից
Արտապատկերում տեսանյութից

Տեսանյութը, որի հայտարարված նպատակն էր նախազգուշացնել սալաֆիզմի՝ ուլտրապահպանողական սուննի շարժման վտանգների մասին, գրեթե անմիջապես արժանացավ գերմանացի մի քանի օրենսդիրների արձագանքին, որոնք նախարարությանը մեղադրեցին կոպիտ քարոզչություն տարածելու և հակամուսուլմանական տրամադրություններ բորբոքելու մեջ:

«Ամբողջովին ռասիստական տեսահոլովակ Բավարիայի ներքին գործերի նախարարության կողմից: Ցավալի է, հատկապես այս ժամանակներում: Բացառելու և հրահրելու փոխարեն մենք պետք է հանդես գանք հակամուսուլմանական ռասիզմի դեմ», - X-ում գրել է Ձախ կուսակցությունից Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Գոլկեն:

Ըստ հետազոտողների՝ տեսանյութը հրապարակվել է գերմանական հասարակությունում աճող իսլամաֆոբիայի և երկրում հակամուսուլմանական միջադեպերի աճի ֆոնին:

Տեսանյութի հրապարակումը նաև տեղի է ունենում իր հականերգաղթային քաղաքականությամբ հայտնի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության՝ Գերմանիայի երկու նահանգներում սեպտեմբերի 1-ին ունեցած ընտրական հաջողություններից անմիջապես հետո։

«Ատելություն և հրահրում անմիջապես նախարարությունից այն դեպքում, երբ մեկ օր առաջ դեռ զարմացած էինք AfD-ի գրանցած լավ արդյունքներից», - X-ում գրել է Ձախ կուսակցության պատգամավոր Ֆերաթ Քոչակը, որն աշխատում է Բեռլինի նահանգային խորհրդարանում։

Քոչակը հարցադրում է արել, թե արդյոք Բավարիայի ներքին գործերի նախարարությունը «մուսուլմանների դեմ ատելություն սերմանելու համար օգտագործում է ծաղրանկարներ, որոնք հիշեցնում են հրեաների դեմ նացիստական քարոզչությունը»:

Ձախ կուսակցության մեկ այլ քաղաքական գործիչ և նախկին պատգամավոր, փաստաբան Նիեմա Մովասատը տեսանյութն անվանել է «անհավատալի ռասիստական աղբ» և ասել, որ կդիտարկի հրահրման համար Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը։

Ավելի ուշ նախարարությունը ջնջել է X-ի գրառումը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին սեպտեմբերի 3-ին տված մեկնաբանությունում նշել, որ «անչափ ափսոսում է, եթե տեսանյութը զայրույթ և թյուրիմացություններ է առաջացրել»։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում տեսանյութի քննադատությանը և այս պահին դադարեցրել ենք քարոզարշավը», - էլփոստով ուղարկված պատասխանում նշել է նախարարության խոսնակը։

Նա պարզաբանել է, որ տեսանյութը պատրաստվել է սոցիալական մեդիայի նոր արշավի շրջանակում, որի նպատակն է «տեղեկացնել մարդկանց սալաֆիստներից և այլ իսլամիստներից սպառնացող վտանգների մասին և ցուցադրել նրանց մեթոդները»:

Արտապատկերում աղմկահարույց տեսանյութից
Արտապատկերում աղմկահարույց տեսանյութից

«Քանի որ սալաֆիզմի դեմ պայքարում կանխարգելման և ապաարմատականացման աշխատանքները շատ կարևոր են մեզ համար, մենք կվերափոխենք տեսանյութի տեսարանները: Այնուամենայնիվ, սալաֆիզմի վտանգները չի կարելի թերագնահատել», - ասել է նախարարության խոսնակը:

Մուլտֆիլմի ոճով արված տեսանյութում երևում է, որ սյուժեի կենտրոնում գտնվող երիտասարդ կնոջը գայթակղում են սոցցանցերի միջոցով այն բանից հետո, երբ նա առցանց հարցնում է, թե արդյոք մուսուլման կանանց թույլատրվում է դիմահարդարում օգտագործել:

Արտապատկերում տեսանյութից
Արտապատկերում տեսանյութից

Եվրոպական հանձնաժողովը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «այս տեսանյութի վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություն չունի»:

«Մուսուլման կանայք շատ ակտիվ դեր են խաղում ԵՄ հասարակությունում, դա դրական բան է», - ասել է հանձնաժողովի խոսնակը:

Գերմանական իսլամական կոնֆերանսի տվյալներով՝ Գերմանիայում իսլամի մոտ 5,5 միլիոն հետևորդ է ապրում, որից մոտ 3 միլիոնը Գերմանիայի քաղաքացիներ են։ Կոնֆերանսը 2006-ին նախաձեռնել է Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությունը, որը վերահսկում է երկրում ապաստանի, միգրացիայի և ինտեգրման հարցերը:

Բավարիայի սոցիալ-դեմոկրատների ներքին քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Ֆայխտմայերը գերմանական dpa լրատվական գործակալությանն ասել է, որ տեսանյութն իրեն այն աստիճան է զարմացրել, որ չի հավատացել տեսածին։ Նա նշել է, որ սալաֆիզմի դեմ պայքարը կարևոր է, բայց «չի կարող լինել այնպես, որ հարկատուների փողերը ծախսվեն մի բանի վրա, որը չի աշխատում կամ գուցե նույնիսկ վնասում է այդ գործին»: «Տեսահոլովակը, անշուշտ, հենց այդ տպավորությունն է թողնում ինձ և մյուսների վրա»,- Ֆայխտմայերի խոսքերն է մեջբերում dpa գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG