Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Կրեմլում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունները օգտակար էին, կառուցողական և իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա, խաղաղությունն էլ ո՛չ մոտ է, ո՛չ հեռու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Վլադիմիր Պուտինի մոտ հինգ ժամ տևած բանակցությունները:
Սերգեյ Ուշակովն ասել է, որ քննարկել են ոչ թե ամերիկյան ծրագրի կոնկրետ ձևակերպումները, այլ դրանց էությունը: Թրամփի ծրագրի որոշ դրույթներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ, ասել նա՝ հավելելով, որ քննարկել են տարածքային կոնկրետ հարցեր, սակայն այս հարցում փոխզիջումային տարբերակ դեռ չկա: Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս բերվի առնվազն Դոնեցկի մարզի ամբողջ տարածքից, ինչին Ուկրաինան և Եվրոպան դեմ են:
Պուտինի օգնականը նաև հայտնել է, որ կողմերը համաձայնել են շարունակել շփումները և չգաղտնազերծել բանակցությունների դետալները: Լրագրողները հետաքրքրվել են՝ այս հանդիպմամբ կողմերը մոտեցե՞լ են խաղաղությանը, թե՞ հեռացել: Ուշակովը պատասխանել է. - «Չենք հեռացել, դա հաստատ կարող եմ ասել: Բայց դեռ շատ աշխատանք կա անելու՝ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում։ Այսքանը։ Եվ շփումները կշարունակվեն»։
Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որը ևս մասնակցել է բանակցություններին, մեկ բառով է բնութագրել դրանք՝ արդյունավետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խնդրի կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է հանդիպել այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ բանակցությունները շարունակվում են «փորձագիտական մակարդակով»:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովն այսօր Բրյուսելում կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ, կփոխանցի, թե ինչ է քննարկվել Կրեմլում, ապա կմեկնի ԱՄՆ՝ նոր հանդիպումների:
Իսկ Վլադիմիր Պուտինը ամերիկացիների հետ հանդիպումից առաջ դարձյալ Եվրոպային էր մեղադրել խաղաղության գործընթացին խոչընդոտելու համար: Ըստ Պուտինի՝ նրանք ամերիկյան ծրագրում այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար, ինչից ակնհայտ է դառնում, որ Եվրոպան մտադիր է արգելափակել գործընթացը: Ռուսաստանի նախագահը նաև ասել է՝ մտադիր չեն պատերազմել Եվրոպայի դեմ, բայց պատրաստ են:
«Եթե Եվրոպան հանկարծ որոշի պատերազմ սկսել մեր դեմ և սկսի այն, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Դրանում կասկած չի կարող լինել։ Հարցն այն է [...] եթե Եվրոպան որոշի պատերազմ սկսել, իրավիճակը շատ արագ կարող է հասնել մի կետի, որ ոչ ոք չի մնա, որի հետ բանակցենք», - հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը Սև ծովում ռուսական նավերի վրա ուկրաինական զինուժի հարձակումները ծովահենություն է անվանել՝ սպառնալով փակել Ուկրաինայի ելքը դեպի ծով, եթե դրանք շարունակվեն: Նաև սպառնացել է ուժեղացնել ուկրաինական օբյեկտներին և նավերին հարվածներն ու թիրախավորել Ուկրաինային օգնող երկրների տանկերները:
Պուտինի սպառնալիքների ֆոնին Նորվեգիան, Գերմանիան և Կանադան հայտարարել են, որ ընդհանուր 900 մլն դոլար կհատկացնեն Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հույս է հայտնել, որ բանակցությունները կհաջողեն և խաղաղություն կհաստատվի, իսկ մինչ այդ պետք է շարունակվեն Ուկրաինային զենքի մատակարարումն ու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Ըստ Մարկ Ռյուտեի՝ Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի՝ բոլոր ճակատներում:
«Մենք պետք է համոզվենք, որ մինչ բանակցություններ են ընթանում … Ուկրաինան լինի ամենաուժեղ դիրքերում՝ շարունակելու պայքարը, հակահարված տալու ռուսներին, բայց նաև լինի ամենաուժեղ դիրքերում, երբ խաղաղության բանակցությունները հասնեն այն կետին, երբ նստեն բանակցելու», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Բելգիան, որտեղ պահվում է սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը, կրկին քննադատել է դրանց հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու Եվրամիության առաջարկը: Վարչապետ Մաքսիմ Պրևոն ասել է՝ իրենց մտահոգություններն արդարացի են, իսկ ԵՄ առաջարկները չեն փարատում դրանք:
«Մեզ մոտ հիասթափության զգացողության կա, որ մեր ձայնը լսելի չէ։ Մեր մտահոգությունները թերագնահատվում են։ Հանձնաժողովի ներկայացրած տեքստերն անհրաժեշտ կերպով չեն փարատում մեր մտահոգությունները», - ընդգծել է Պրևոն:
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ շատ լուրջ են վերաբերվում Բելգիայի մտահոգություններին: Յոհան Վադեֆուլի խոսքով՝ հարցը հնարավոր կլինի լուծել, եթե դաշնակիցները միասնական լինեն: Ռուսական ակտիվների օգտագործման համար իրավական ապահով հիմք է հարկավոր, և այդ ուղղությամբ աշխատում են:
Եվրահանձնաժողովի նախագահն ավելի ուշ ներկայացրել է ԵՄ-ի ծրագիրը, որով առաջարկվում է 2026-2027-ին ռուսական սառեցված ակտիվների հաշվին վարկ տրամադրել Ուկրաինային, արգելել այդ միջոցների վերադարձը Ռուսաստանին, երաշխիքներ տալ ԵՄ անդամներին, որ Ռուսաստանի պատասխան քայլերի դեպքում կկարողանան վարկ ստանալ, նաև կլինի օրենսդրական փոփոխություն, ինչը թույլ կտա վարկը տրամադրել ԵՄ բյուջեից: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԱՄՆ-ին տեղեկացրել են ու դրական արձագանք ստացել:
ԵՄ խորհուրդն, իր հերթին, հայտնել է, որ Եվրախորհրդարանի հետ նախնական համաձայնության են եկել ռուսական բնական գազի ներմուծումը մինչև 2027-ը աստիճանաբար դադարեցնելու շուրջ: Կրեմլի խոսնակն ասել է՝ դա Եվրամիությունը պակաս մրցունակ կդարձնի: