Ուկրաինական պատերազմի ֆոնին Բալթիկ ծովը դարձել է մի շարք միջադեպերի թատերաբեմ. մեկը մյուսի ետևից շարքից դուրս են գալիս կամ վնասվում են ծովի հատակով անցնող առանցքային էներգետիկ և հաղորդակցության գծերը:
Հունվարի 26-ին տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ, օրինակ, Լատվիայի և Շվեդիայի միջև ստորջրյա մալուխն է կտրվել։ Կասկածներ առաջացան, որ դա իրականում դիվերսիա էր, որի հետևում կանգնած էր Ռուսաստանը։ Ե՛վ Ռիգան, և՛ Ստոկհոլմը հայտարարել են, որ դա, հավանաբար, արտաքին միջամտության արդյունք էր: Մինչ այդ արձանագրվել էին այլ միջադեպեր, երբ ստորջրյա խողովակաշարերն ու մալուխները վնասվել էին ռուսական նավահանգիստներից դուրս եկած կամ դեպի ռուսական նավահանգիստներ ընթացող նավերի կողմից:
Մինչ հետաքննությունները շարունակվում են, միջադեպերը տագնապ են առաջացրել եվրոպական կառավարությունների մոտ, թե Մոսկվան կարող է թիրախավորել ստորջրյա ենթակառուցվածքները՝ որպես հիբրիդային հարձակումների ավելի լայն արշավի մաս:
«Շատ քիչ հավանական է, որ իրար նման չորս միջադեպեր պատահականորեն միմյանց հաջորդեն: Դա արդեն օրինաչափություն է», - ասում է «Սինոփսիս» վերլուծական կենտրոնի՝ Տալլինի գիտաշխատակից Ֆրենկ Յուրիսը:
Նոր «նորմալություն» Բալթիկ ծովում
Վերջին միջադեպն ընդգծում է լարվածության աճը Բալթիկ ծովում՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո:
Դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպից՝ մալուխի վնասումից հետո, Եվրամիությունը սպառնաց նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, իսկ ՆԱՏՕ-ն նոր պարեկային և հսկողական գործողություններ սկսեց:
«ՆԱՏՕ-ն կպատասխանի ապագա հնարավոր միջադեպերին՝ մտնելով օրինազանց նավեր ու նույնիսկ կալանքի տակ առնելով դրանք»,- հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հավելելով՝ այսուհետ Բալթյան նոր առաքելությունը կներառի ավելի շատ պարեկային ինքնաթիռներ, ռազմանավեր և անօդաչու թռչող սարքեր:
Թեև Կրեմլը հերքում է իր մեղսակցությունը, եվրոպացի պաշտոնյաներն ու փորձագետները Ռուսաստանի «ստվերային» նավատորմի հետքն են տեսնում այստեղ։
Բացատրություն՝ Ռուսաստանի «ստվերային» նավատորմը կազմված է հստակ սեփականություն չունեցող նավերից, որոնք տեղափոխում են էմբարգոյի տակ գտնվող ռուսական նավթամթերք:
Հունվարի սկզբին 100 հազար տոննա նավթով բեռնված խարխուլ նավը, որը համարվում էր Ռուսաստանի «ստվերային» նավատորմի մաս, խրված է մնացել Գերմանիայի հյուսիսային ափերի մոտ:
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը այն ժամանակ մեղադրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պատժամիջոցները շրջանցելու և եվրոպական անվտանգությանը սպառնալու մեջ՝ «ժանգոտված տանկերների նավատորմը անխղճորեն գործի դնելու միջոցով»։
Բուլղարական նավագնացության հսկա «Նավիբուլգար» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Կալչևը, որին պատկանում է Բալթիկ ծովում տեղի ունեցած միջադեպերից մեկում ներգրավված և շվեդական իշխանությունների կողմից առգրավված նավը, հունվարի 27-ի հայտարարությամբ ընդունել է՝ հնարավոր է, որ նավն է վնասել հաղորդակցության մալուխը։ Կալչևը, միաժամանակ, պնդել է, թե դիտավորյալ դիվերսիայի մասին խոսք լինել չի կարող՝ նավը «չափազանց վատ եղանակի» մեջ է ընկել և իր խարիսխը քարշ է տվել ծովի հատակով:
Չինաստանի իշխանությունները ևս նմանատիպ բացատրություն են տվել Ֆինլանդիային և Էստոնիային 2023 թվականի հոկտեմբերին՝ չինական նավի ներգրավվամբ տեղի ունեցած միջադեպից գրեթե մեկ տարի անց։ Այդ միջադեպում չինական նավը վնասել է ստորջրյա խողովակաշարը՝ իր խարիսխը մի քանի հարյուր ծովային մղոն քարշ տալուց հետո:
Փորձագետների մեծ մասը պնդում է, որ եթե նավը խարիսխ է գցում և երկար ժամանակ քարշ է տալիս այն ծովի հատակով, նավի անձնակազմի համար դա նկատելի է դառնում, քանի որ նավը դուրս է գալիս իր նախանշած ուղուց:
«Շատ քիչ հավանական է թվում, որ այսքան երկար ժամանակ խարիսխը քարշ տալը աննկատ մնա», - ասում է Ֆրենկ Յուրիսը:
Գերմանացի դատախազները նաև շարունակում են հետաքննել Ռուսաստանի և Գերմանիայի միջև «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունը, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։
Ի՞նչ է լինելու հետո
ԵՄ անդամ պետությունների կառավարությունները նախազգուշացրել են ռուսական այս նավերի հետ կապված աճող ռիսկերի մասին:
Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ սերտորեն կաշխատեն իրենց լատվիացի գործընկերների հետ՝ հնարավոր դիվերսիաները հետաքննելու համար, սակայն նման միջադեպերի ապացույցներ գտնելը դժվար գործ է։
Ակնկալվում է, որ ԵՄ անդամ պետությունները կսկսեն քննարկումները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ այս շաբաթվա վերջին։ Սա կլինի Եվրամիության 16-րդ պատժամիջոցների փաթեթը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո:
ԵՄ երկու պաշտոնյաներ «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ 20-30 նոր նավ, որոնք ենթադրաբար Ռուսաստանի «ստվերային» նավատորմի մաս են կազմում, կարող են ներառվել Բրյուսելի նոր պատժամիջոցների ցանկում:
Մինչ այդ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել «ստվերային» նավատորմի ավելի քան 70 նավերի նկատմամբ: Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան էլ, իրենց հերթին, հունվարի 10-ին նոր պատժամիջոցներ են սահմանել 180 նավերի նկատմամբ, որոնք ենթադրաբար այս «ստվերային» նավատորմի մաս են կազմում: